Ֆրանսիայի
նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը Հայաստանի եվրաասոցացման այնպիսի հատուկ
մոդել գտնելու անհրաժեշտության մասին, որը չհակասի Մաքսային միությանը նրա
անդամությանը, բավականին ուժեղ էր և համոզիչ Հայաստանի համար: Լրագրողների հետ
զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար
Տրայան Հրիսթեան:
«Ես համոզված եմ, որ այդ կոչը պատշաճ ձևով կընկալվի
ամենուրեք: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա համոզված եմ, որ մենք կիրագործենք մեր
համատեղ պարտավորությունները: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք գտնել անկյունաքարը
Վիլնյուսում ստորագրված «Արևելյան գործընկերության» ծրագրի հիման վրա, որը պետք է իրագործվի համատեղ
ջանքերով», - հայտարարել է նա, հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ
են ընթանում ԵՄ ներկայացուցիչների և Հայաստանի իշխանությունների միջև:
Այնուհետև, ելույթ ունենալով Եվրամիության ընդլայնման
10-ամյակին զուգադիպած միջոցառմանը, Հրիսթեան վերստին ընդգծել է ԵՄ հետ բոլոր
ուղղություններով Հայաստանի համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
ՀՀ
արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Արմեն Լիլոյանն իր հերթին կրկին
հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը ԵՄ հետ այն ռակուրսով,
որը չհակասի այլ ձևաչափերում նրա ինտեգրմանը: