Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրել են, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ: Քննարկվել են այդ բացը լրացնելու նպատակով երկու երկրների գործարարների մասնակցությամբ գործարար համաժողովներ կազմակերպելու հնարավորությունները:
Բարձր գնահատելով վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարները՝ էստոնացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտնագությանն առնչվող խնդիրներ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաղաղ գոյակցության ջատագով և նույն դիրքերից էլ ԼՂ հիմնախնդրի լուծումը բացառապես համարում է խաղաղ բանակցությունների ճանապարհը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Նա ընդգծել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ շարունակականության հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերին, միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: