Հասարակայնությունը պետք է իմանա Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման գործընթացում գոյություն ունեցող բոլոր խնդիրների մասին, քանի որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամկետների ձգձումը կարող է իրավիճակի ապակայունացում առաջացնել, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ ինտեգրման ճանապարհն է ընտրել` ազգային շահերից ելնելով, բայց հիմա ինչ-ինչ պատճառներով ձգձգվում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամկետները, և այդ մասին հայտարարվում է նունիսկ ոչ թե պետությունների ղեկավարների, այլ` արտգործնախարարների մակարդակով: Ըստ որում, Սարգսյանը գտնում է, որ կան մտահոգող մի քանի կողմեր, մասնավորապես` այդ հարցը ղարաբաղյան խնդրով պայմանավորելու ճանապարհով քաղաքականացնելու փորձը, մաքսային կանոնների տաբերակվածությունը, որոնք գոյություն ունեն երկրներում և որոնք հիմա փոփոխության կարիք ունեն:
Պատասխանելով ՀՀ խորհրդարանում Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ հարցին` ԵԱՏՄ-ին անդամակցումը նկատի ունենալով, Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, ինտեգրվելով նոր միության, չպետք է մեկուսանա: ՙԱյդ հանձնաժողովի ձևափոխման անհրաժեշտություն չկա: Այլ հարց է, որ կարելի է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի եվրասիական ինտեգրման հարցերով՚,- նշել է նա:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն իր հերթին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հարցի քաղաքականացումից խուսափել չի հաջողվի: Չնայած այն բանին, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, վերջինիս Հայաստանի ինտեգրման վերաբերյալ որոշում ընդունվել է` քաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով:
Ըստ որում, քաղաքագետը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ մի կողմից տեղի է ունենում համաձայնագրի ստորագրման ժամկետների ձգձգում, մյուս կողմից` չեն լուծվում մաքսային արժեքների հետ կապված հարցերը, քանի որ դրանց չլուծվածությունը կհանգեցնի ինտեգրման տնտեսական աննպատակահարմարության: Ավելին, քաղաքագետը նշել է, որ այդ հարցի քաղաքականացում տեղի է ունենում ոչ թե Հայաստանի, այլ` այլ երկրների կողմից: