Արարատյան դաշտավայրի անօրինական արտեզյան հորերի
փակումը թույլ կտա տարեկան տնտեսել ավելի քան 360 մլն.խոր.մետր ջուր: Այս մասին
այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հ բնապահպանության փոխնախարար
Խաչիկ Հակոբյանը:
Նրա խոսքով,
հուլիսի 16-ից մինչ օրս կատարած դիտարկումների ու ստուգումների արդյունքում փակվել
կամ կոնսերվացվել և ծորակային ռեժիմի է տեղափոխվել 107 արտեզյան հոր, որոնցում ջրի
ընդհանուր ծախսը վայրկյանում կազմում է 11.3 լիտր: Այդ հորերը պատկանում են
ձկնատնտեսություններին, ինչպես նաև «Հայջրմուղ» և «Երևան ջուր» ընկերություններին:
Իրականցված աշխատանքների արդյունքում
տարեկան կարելի է տնտեսել ավելի քան 360 մլն.խոր.մետր ջուր:
Ինչպես
տեղեկացրել է Հակոբյանը, արտեզյան հորերի ջուրն անօրինական օգտագործելու համար
կիրառվել են 6.4 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքներ:
Ավելի վաղ ՀՀ
կառավարությունը սակավ ջրային էր ճանաչել Ախուրյան, Հրազդան, Սևջուր և Քասախ
գետերի ավազանները: Ինչպես նշել է փոխնախարարը, դա թույլ կտա սահմանափակել
տնտեսվարող սուբյեկտների կողմից ջրի օգտագործման ծավալները: Ինչպես նախատեսվում է,
ջրի օգտագործումը կարող է կրճատվել երկու երրորդով, ինչը դրականորեն կանդրադառնա
ջրային ավազանի վերականգնման գործընթացի վրա:
Հակոբյանը նշել է
նաև, որ 2015 թվականի սեպտեմբերին կմշակվի Արարատյան դաշտավայրի կառավարման պլանը:
Հիշեցնենք,
որ տնտեսվարող սուբյեկտներին ջրի օգտագործման թույլտվությունը տրամադրելուց հետո
Արարատյան դաշտավայրում ստորգետնյա հորիզոններն իջան մի քանի մետրով: Իրավիճակը
կայունացնելու համար անցյալ տարվանից սկսվեց արտեզյան հորերի փակման գործընթացը:
Բացի այդ, այս տարի որոշում ընդունվեց Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման
առավելագույն ծավալներն ավելացնելու մասին: