Ընթացիկ տարվա հուլիսին իր պաշտոնն է ստանձնել EY գլոբալ ընկերության /անցյալում` Ernst & Young/ Տնօրենների խորհրդի նոր նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Վայնբերգերը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում:
Մարկ Վայնբերգերը, աղբյուրի տվյալներով, լինելով 51 տարեկան, ակնառու արդյունքների է հասել իր կարիերայում` ղեկավար պաշտոններ զբաղեցնելով թե’ EY-ում, թե’ այլ կազմակերպություններում: Նախկինում նա ղեկավարել է հարկային ծառայությունների բաժինը գլոբալ և Ամերիկայի տարածաշրջանում, ինչպես նաև հանդիսացել է գլոբալ և Ամերիկայի տարածաշրջանի գործադիր մարմնի անդամ: Որպես խորհրդատվական ծառայությունների բաժնի ավագ գործընկեր Մարկ Վայնբերգերը գլխավորել է բազմաթիվ խոշոր հաճախորդներին մատուցվող ծառայությունների նախագծերը, ինչպես նաև մասնակցել է շուկաների հետ փոխազդեցության գլոբալ գործադիր կոմիտեի և պետական քաղաքականության հարցերով գլոբալ կոմիտեի աշխատանքներին: Պետական ծառայության ընթացքում Մարկ Վայնբերգերը զբաղեցրել է ԱՄՆ ֆինանսների նախարարի հարկային քաղաքականության գծով օգնականի պաշտոնը` նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աշխատակազմում, իսկ նախագահ Բիլ Քլինտոնի կողմից նշանակվել է Սոցիալական ապահովության խորհրդի (Social Security Advisory Board) անդամ:
Ստանձնելով պաշտոնը` Մարկ Վայնբերգերը նշել է. ՙԵս մեծ պատիվ եմ համարում այս նշանավոր ընկերությունը գլխավորել հենց հիմա` փոփոխությունների շրջանում, և կանեմ ամեն ինչ ընկերության առջև դրված մարտահրավերները հաղթահարելու նպատակով: EY ընկերությունն ունի մեկ դարից ավելի պատմություն, որն, իրավամբ, հպարտության է արժանի: Գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունն իր համբավը ձեռք է բերել որակի, վստահության և սկզբունքայնության շնորհիվ: Մենք կառուցում ենք մեր ապագան մեր պատմության և համբավի հիման վրա, դրանք են հանդիսանում EY գլոբալ ընկերության ապագա հաջողությունների գրավականները՚:
Վերջում Մարկ Վայնբերգերը նշել է. ՙՕգտվելով առիթից` ուզում եմ EY ընկերության բոլոր աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնել Ջեյմս Թերլիին այն ամենի համար, ինչ նա արել է 12 տարվա ընթացքում որպես EY գլոբալ ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն և EY-ում 36 տարի աշխատելու ընթացքում: Ես ամեն ինչ կանեմ ամուր հիմքի վրա ստեղծած ընկերության համար ավելի բարձր արդյունքներ ապահովելու նպատակով՚:
Նշենք, որ EY ընկերությունը առաջատար դիրք է գրավում աուդիտորական, հարկային, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում. ՙմեր գիտելիքները և ծառայությունների որակն օգնում են ամրապնդել հանրության վստահությունը կապիտալի շուկաների և տնտեսության նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում: Մենք ձևավորում ենք նշանավոր առաջնորդներ, որոնց ղեկավարության ներքո մեր աշխատակազմը մշտապես կատարում է իր վրա դրված պարտավորությունները: Այդպիսով, մենք զգալի ներդրում ենք ունենում բարեկեցիկ աշխարհ կառուցելու հարցում` ի նպաստ մեր աշխատակիցների, հաճախորդների և ընդհանրապես հասարակության՚: Ընկերությունը մշտապես ընդլայնում է իր ծառայությունների և ռեսուրսների շրջանակը՝ հաշվի առնելով ԱՊՀ տարբեր շրջաններում հաճախորդների կարիքները: Ընկերության 19 գրասենյակներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Կազանում, Կրասնոդարում, Տոլյատիում, Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում, Ալմաթիում, Աստանայում, Աթիրաուում, Բաքվում, Կիևում, Դոնեցկում, Տաշքենդում, Թբիլիսիում, Երևանում և Մինսկում աշխատում են շուրջ 4500 մասնագետներ: Ընկերությունը հայաստանյան շուկայում ներկա է 1999 թվականից, սակայն ակտիվ գործունեություն է ծավալել 2008 թվականից, երբ երևանյան գրասենյակը մտավ ԱՊՀ ենթատարածաշրջանի կազմի մեջ: