Այսօր ղարաբաղյան հակամարտության կողմերը, սկզբունքորեն, արդեն պատրաստ են միմյանց հետ խոսել ուղիղ երկխոսության միջոցով` առանց միջնորդների: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել միջազգային հարցերի փորձագետ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
ՙԱյսօր միջնորդները զսպում են ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՚, - նշել է քաղաքական գործիչը: Նրա ասելով, հենց այդ հարցն է այժմ առաջնային: Իգիթյանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող համաշխարհային երեք հիմնական խաղացողները` ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որը ներկայացնում է միավորված Եվրոպան, ցանկության դեպքում կարող են կանխել ցանկացած ռազմական գործողություն, հատկապես` այնպիսի փոքր երկրների միջև, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը:
Միևնույն ժամանակ Իգիթյանը նկատել է, որ մշտապես ցանկություններ են հչում ղարաբաղյան հակամարտությունում միջնորդության մասին, և միանգամայն բնական է, որ դրանք հատկապես հաճախ են հնչում ռարածաշրջանային խաղացողների կողմից: ՙԵրբ այդ մասին հայտարարում է ԻԻՀ, դա դեռ հասկանալի է, քանի որ Իրանը լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ և, սկզբունքորեն, ընդունելի հարաբերություններ` Ադրբեջանի հետ: Բայց երբ այդ մասին խոսում է Թուրքիան` դա արդեն միանգամայն անընդունելի է՚, - նկատել է փորձագետը:
Նա ընդսմին հարց է տվել, թե արդյոք Իրանը կարող է լինել տարածաշրջանում ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիք: ՙՉեմ կարծում, հատկապես` հաշվի առնելով նրա խախուտ դիրքերը միջազգային հանրությունում: Տարածաշրջանային կայունությունն ի զորու են ապահովել միայն ԵԱՀԿ ՄԽ կազմում ընդգրկված երկրները՚, - փաստել է Իգիթյանը: