ՙՀայՌուսգազարդը՚ պատրաստ է իր շարժական լաբորատորիաները տրամադրել բնակչությանը մատակարարվող գազի կալորիականության ընտրովի թեստավորման համար` հասարակայնության շրջանում կասկածները փարատելու նպատակով: Այդ մասին փետրվարի 17-ին հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ բաց քննարկման ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Վերջին ժամանակներս հասարակայնության շրջանում մտահոգություններ են առաջացել մատակարարվող ռուսական գազի որակի առնչությամբ:
Հարությունյանը հայտարարել է, որ կալորիականությունը համապատասխանում է միջպետական ստանդարտին, որի համաձայն՝ սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ-ից ցածր: Ավելին, այն նույնիսկ գերազանցում է այդ ստանդարտը և կազմում միջինը 8000 Կկալ: Հասարակական կազմակերպությունները դժգոհել են, որ կալորիականությունը տատանվում է, գազին նորմայից ավել թթվածին կամ ազոտ է խառնվում, և բնակչությունն ավելի շատ միջոցներ է ծախսում, քանի որ գազը ցածր որակի է: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկել է մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել և գազի բալոնը ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ միջոցներով փորձաքննության ուղարկել արտերկիր, օրինակ` Բրիտանիա, որտեղ, նրա կարծիքով, անկախ փորձագետները կկարողանան գնահատական տալ գազի կալորիականությանը: Նա նշել է, որ հանրապետության տարածքում գործող լաբորատորիաները, ինչպես նաև Չափագիտության ազգային ինստիտուտը վստահություն չեն ներշնչում հասարակայնությանը:
Հարությունյանը նշել է, որ ընկերությունը կտրամադրի իր սարքավորումը և իր մասնագետներին, սակայն պատրաստ չէ ֆինանսավորել Բրիտանիայում փորձաքննությունը, քանի որ նման անհրաժեշտություն չի տեսնում, և անորակ գազի առկայությունը հասարակական կազմակերպությունները պետք է ապացուցեն: ՙՊաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի տարածքում գազի կալորիականությունը չի կարող փոխվել՚,- ասել է Հարությունյանը: Նա ավելացրել է, որ Հայաստանում երեք լաբորատորիա կա` Հրազդանի ՋԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի և ՙԱրարատցեմենտ՚ գործարանի տարածքում, և մինչև հիմա ոչ ոք չի բողոքել գազի որակից: Բնակչության կասկածները նա բացատրել է այն բանով, որ դեկտեմբերը հանրապետությունում շատ ցուրտ էր, հուլիսից բարձրացել է սպառողների համար գազի գինը, ինչը և լրացուցիչ ծախսերի է հանգեցրել:
Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահան Սահակյանը հաղորդել է, որ խրոնոմետրաժի մեթոդով կալորիականություն ստուգելը բարդ չէ, և պարտադիր չէ դրա համար գազի բալոնը երկրից դուրս տանել, ասել է նա:
Երկժամյա քննարկումից հետո մասնակիցները որոշել են ընտրովի թեստավորում անցկացնել: Սակայն, պարզվել է, որ նույնիսկ ՙՀայՌուսգազարդի՚ շարժական լաբորատորիայի առկայության պայմաններում իրենք դա անել չեն կարող, քանի որ մասնագետ չեն և չեն կարող օգտվել այդ լաբորատորիայից: