ՀՀ ոստիկանությունը չի կատարում իր խոստումը և բաց չի թողնում բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստներին, փոխարենը Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանը Կենտրոն համայնքի ոստիկանության բաժնի շենքի մոտ հավաքված ցուցարարներին առաջարկում է պատվիրակություն ձևավորել և ՙբանակցությունների՚ ուղարկել Ոստիկանության ղեկավարության հետ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ցուցարարները հակված չեն ընդունելու Ոստիկանության պետի տեղակալի առաջարկը և մտադիր են ներխուժել ոստիկանության Կենտրոնի բաժնի շենք: Ներկայումս ոստիկանության տեղամասում է գտնվում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով բանակցություններ է վարում ակտիվիստներին ազատ արձակելու համար: Ցուցարարների թվում է նաև հայտնի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը և ՙԱրարատ՚ ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ առավոտից Ոստիկանությունը բերման է ենթարկել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող անհնազանդության շարժման չորս ակտիվիստի: Երևանի քաղաքապետարանից դեպի Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունք երթի մասնակիցներն այնտեղ պիկետ են կազմակերպել` պահանջելով ազատ արձակել այսօր առավոտյան բերման ենթարկված չորս ակտիվիստներին: Սակայն ոստիկանական բաժանմունքի մոտ ակցիայի պահին բերման է ենթարկվել ևս երկու ակտիվիստ: Այդուհանդերձ, Ոստիկանությունն ստիպված է եղել տեղի տալ ակցիայի մասնակիցների ճնշմանը, և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանը նրանց հավաստիացրել է, որ առաջիկայում ակտիվիստներն ազատ կարձակվեն` պայմանով, որ դրանից հետո ակցիան կդադարեցվի: Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին հայտարարել են, որ եթե Ոստիկանությունն իր խոստումը չկատարի և ազատ չարձակի ակտիվիստներին, իրենք կներխուժեն Ոստիկանական բաժնի շենք:
Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել են Ոստիկանությունում, չորս ակտիվիստների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշենք, որ այդ հոդվածը նախատեսում է 1 ամսից մինչև 5 տարի ազատազրկում կամ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով տուգանք` ծառայողական պարտականություններ իրականացնելիս իշխանության ներկայացուցչի կամ նրա ազգականի նկատմամբ կյանքի համար վտանգ չներկայացնող բռնության սպառնալիքի կամ կիրառման համար:
Անցնելով կառավարության շենքի մոտով`ակցիայի մասնակիցները պատուհաններից մեկում նկատել են հանրահավաքին հետևող վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանք կանգ են առել և իրենց դժգոհությունը հայտնել կառավարության քաղաքականությունից, ինչպես նաև պահանջել վարչապետի հրաժարականը`վանկարկելով ՙՏիգրա’ն, հեռացիր՚, ինչից հետո շարունակել են իրենց ճանապարհը դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին: