Կամ Մոսկվան Հայաստանին ստիպել է միանալ Մաքսային միությանը, կամ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ խոստումներ է տվել Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին, ասենք, խոստացել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ՙԱմերիկայի Ձայն՚ ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն, ամերիկյան հայտնի փորձագետ և դիվանագետ Դեյվիդ Ֆիլիփսը: Նրա ասելով, իրեն շատ է զարմացրել Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։
Ֆիլիփսը մեկնաբանել է նաև թրքախոս երկրների հաջորդ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, այն համարելով ՙակներեւ երեւակայություն՚ և ենթադրելով, թե Գյուլն, ըստ երևույթին, մոռացել է, որ Ղարաբաղում հայեր են ապրում։ Նրա գնահատմամբ, Գյուլի հայտարարությունն ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայերին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գլխավոր դեր ստանձնելու կարեւորության մասին մի շարք վերլուծաբանների տեսակետներին, ապա Ֆիլիփսը նշել է, որ ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանն անկողմնակալ չեն, հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի հարձակվողական սպառազինության վաճառքի, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նավթային պետական երկու ընկերությունների միջեւ սերտ համագործակցության մասին։ ՙԹուրքիան մեծ երկիր է, սակայն դեռեւս հասունանալու կարիք ունի` Ադրբեջանի կողմից իր նկատմամբ ճնշումներին դիմակայելու համար՚, - կարծում է նա։
Ֆիլիփսը համոզված է, որ հայերն ու թուրքերը կարող են գտնել հաշտության նոր ուղիներ, և էական ու զգալի առառջընթաց է համարում հայերի և թուրքերի միջև որոշակի գործարար կապերն ու համագործակցությունը մշակույթի բնագավառում, ինչը կյանքի կոչելու համար հարկավոր է քաղաքական նոր խիզախում։ ՙԱյլապես, քաղաքացիական հասարակության ջանքերն այդպես էլ կմնան սոսկ երազանք՚, - ամփոփել է Ֆիլիփսը։
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում ներգրավվելու Հայաստանի ցանկությունը, ինչից հետո երկու երկրների ղեկավարներն ստորագրել են համատեղ հայտարարությունում: Մինչ այդ Երևանը 2010 թվականից ակտիվ բանակցություններ էր վարում ասոցացման համաձայնագրի և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ, որոնք նախատեսվում էր նախաստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: