ՙՀրապարակ՚ թերթը խտացրել է գույները երկրի բանկերի ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպման առնչությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի ղեկավարը, պետության ղեկավարը բանկիրներին ճաշ-հանդիպման է հրավիրել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ դեռ խոսք չկար ռուսաստանցի մի շարք գործարարների և ՙՌոսիա՚ բանկի նկատմամբ պատժամիջոցների մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՙՀրապարակը՚ հաղորդել էր, որ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին, որպեսզի քննարկի նրանց հետ Ռուսաստանի դեմ կիրառվող և սպասվող պատժամիջոցների հնարավոր հետևանքները, որոնք իբր կարող են անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:
ԱրմԻնֆո-ի աղբյուրը, սակայն, հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ընդհանուր հարցեր, կարծիքներ են փոխանակվել ֆինանսական շուկայում առկա իրավիճակի շուրջ, իսկ ՙՀրապարակը՚ մի քանի ՙսուր թեմա՚ է ավելացրել: Իրականում թերթը ստույգ չգիտի, թե երբ է տեղի ունեցել հանդիպումը, և ինչի մասին են խոսել բանկիրները նախագահի հետ:
Աղբյուրի համաձայն, պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսաստանցի գործարարներից և քաղաքական գործիչներից ոչ մեկը Հայաստանում ակտիվներ չունի: Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հետ ՙՌոսիա՚ բանկի կապերը կարող են սահմանափակվել միայն թղթակցային հաշիվների առկայությամբ և ոչ ավելին: ՙՌոսիա՚ բանկը Հայաստանում չունի ո’չ մասնաճյուղեր, ո’չ ներկայացուցչություններ: Իսկ ՙԳազպրոմի՚ և ՙԳազպրոմ-Արմենիա՚ դուստր ընկերության միջև դրամական հոսքերը սպասարկվում են ռուսաստանյան այլ բանկի կողմից: