Ռուսաստանի և
Արևմուտքի հարաբերություններում առկա սուր ճգնաժամը չանդրադարձավ Հարավային
Կովկասի վրա, չհանգեցրեց այստեղ իրավիճակի ապակայունացման: Այդպիսի կարծիք է
հայտնել ՄՄՀՊԻ Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ
գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը` «Ռուսաստան-Հայաստան. ինտեգրում համաշխարհային
ճգնաժամի ֆոնին» զեկույցի շնորհանդեսի ժամանակ:
Փորձագետի կարծիքով, պարզվեց, որ Հարավային Կովկասի
երկրների և, հատկապես, մերձավորագույն գործընկեր և ռազմավարական դաշնակից
Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները բավականին հաստատուն էին միջազգային
հարաբերություններում առկա ճգնաժամը վերապրելու համար: «Հայաստանն անդամակցում է
Եվրասիական տնտեսական միությանը, և այդ գործընթացն ուղեկցվում է բուռն
ներքաղաքական քննարկումներով, ինչը միանգամայն նորմալ է: Միևնույն ժամանակ ակնհայտ
է, որ անվտանգության ոլորտում գործընկերությունը համալրվում է երկու երկրների միջև
լիարժեք տնտեսական և հումանիտար
համագործակցությամբ», - նշել է Սիլաևը:
Նա
ընդգծել է, որ միայն ռազմակայանի առկայությունն ակնհայտորեն բավարար չէ
հետխորհրդային տարածքում տնտեսական ինտեգրման համար, ինչի մասին վկայում է
Վրաստանի փորձը, որտեղ դեռ տարիներ առաջ կային ռուսական զորամասեր:
«Հհետխորհրդային տարածքում գործընկերների հետ Ռուսաստանի հարաբերությունները պետք
է դառնան բազմապլան և չսահմանափակվեն միայն ռազմական համագործակցությամբ», -
կարծում է փորձագետը: