Ընդդիմադիր ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող քրեական գործի լիակատար և անաչառ հետաքննության հնարավորությանը: Այդ մասին Փոստանջյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Ըստ խորհրդարանականի, արդեն այն փաստը, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը միջադեպից երկու օր անց իր հայտարարություններով փորձում էր արդարացնել Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների գործողությունները, վկայում է, որ իրավապահ մարմինները չեն ցանկանում լիովին բացահայտել այդ հանցագործությունը: Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսում Կոստանյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե Սուրեն Խաչատրյանի տան վրա հարձակում է իրականացվել: