ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել էր ՀՀ վարչպետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ապա կառավարության ձևավորման հարցը, գրում է ՙՀայկական Ժամանակ՚ թերթը, հղում կատարելով իր սեփական աղբյուրներին:
Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն այս լուրերի առնչությամբ ասել է, որ կառավարության ղեկավարը պարբերաբար հանդիպում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Իսկ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը թերթի թղթակցին հայտարարել է, որ նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ նույնպես ձեռնպահ են մնացել պաշտոնական պատասխաններից, սակայն, նրանցից մեկը մասնավոր զրույցում նշել է, որ ինքը նույնպես լսել է տեղի ունեցած հանդիպման մասին և փորձում է ճշտել մանրամասները: Թերթը գրում է նաև, որ նախօրեին Ծառուկյանը զրույցի էր հրավիրել կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին, սակայն հանդիպման մանրամասները հայտնի չեն: ՙԲացի այդ, իշխանական շրջաններում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ և ԲՀԿ միջև բանակցություններ են ընթանում կոալիցիա ձևավորելու կապակցությամբ: Համաձայն նույն աղբյուրների, Ծառուկյանը պատրաստ է դառնալ կոալիցիայի անդամ, եթե ԲՀԿ-ն նոր կառավարոությունում կստանա 5 պորտֆել: Իսկ ՀՀԿ-ն համաձայն է զիջել միայն 3-4 պորտֆել՚,-գրում է Հայկական Ժամանակը:
ՄԻևնույն ժամանակ, ՙՀրապարակ՚ թերթը նույնպես գրում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն քննարկում են կոալիցիա կազմելու հարցը: Թերթը պնդում է, որ կառավարության վերջնական կազմի հրապարակումը ձգձգվում է մինչև մայիսի 9-ը: ՙԱնդրկուլիսային բանակցություններ անցկացնող անձինք պայմանավորվել են այն մասին, որ եթե Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն զբաղեցնի 2-րդ տեղը, ապա որոշ պորտֆելներ, այդ թվում նաև հումանիտար բլոկից, հնարավոր է նաև դիվանագիտական կորպուսից, կարող են փոխանցվեն այդ կուսակցությանը՚,-գրում է Հրապարակը:
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ Գործադիր մարմնի Խորհրդի նիստում ՀՀԿ-ն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկել և սատարել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Աղբյուրի համաձայն, իրենց պաշտոնները նոր կառավարությունում կպահպանեն նաև Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը: