Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Ռուսաստանը նույնպես
ստիպված կլինի պատերազմել: Այդ մասին հայտարարել է պաշտոնաթող գնդապետ, ՌԴ ՊՆ
նախկին մամուլի քարտուղար, «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռազմական մեկնաբան Վիկտոր
Բարանեցը VAKinfo-ի հետ հարցազրույցում:
Նա նշել է, որ պատերազմ
հայտարարել ՀԱՊԿ երկրներից մեկին` նշանակում է հարձակվել այդ կազմակերպության
բոլոր երկրների վրա: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ միայն Ռուսաստանը,
այլև ՀԱՊԿ մյուս անդամները կանեն այն, ինչ պետք է անեն, և Հայաստանում ռուսական
ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու վերջին հայտարարությունը հենց
այդ մասին էր:
Նրա ասելով, դա վերաբերում
է ոչ միայն Ադրբեջանին: «Եթե որևէ երկիր հարձակվի Հայաստանի վրա, 102-րդ ռուսական
ռազմակայանը նույնպես ստիպված կլինի մասնակցել զինված հակամարտությանը: Ինձ թվում է, դրանում արտառոց ոչինչ չկա», - ասել
է Բարանեցը:
Նա նշել է, որ Ռուսաստանը
Լեռնային Ղարաբաղը համարում է վիճելի տարածք: «Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է
ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը: Այդ տարածքները մեր
ընդհանուր ողբերգական պատմության մի մասն են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միջամտությանը
Լեռնային Ղարաբաղում պատերազմին, դրան հարկավոր է նայել այդ կազմակերպությանը
Հայաստանի անդամության պրիզմայով: Հայաստանն այսօր ապահովում է Լեռնային Ղարաբաղի
անվտանգությունը: ՀԱՊԿ պայմանագրում այդ հողերին առնչվող կետ չկա: Եթե Ադրբեջանը
զինված հարձակում գործի Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանը նույնպես ստիպված է
լինելու զենքի դիմել, քանի որ Կրեմլը հակամարտության խաղաղ կարգավորման հույս
ունի: Հենց որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի, Ռուսաստանը կմիանա դրան: Ռուսաստանի
համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բավականին բարդ խնդիր է, և պաշտոնական
Մոսկվան շահագրգռված է դրա կարգավորմամբ: Ռուսաստանը դրան վերաբերվում է ինչպես
հայրը` երկու որդիների միջև դիմակայությանը: Մինչ այսօր բազմաթիվ քաղաքական ուժեր
կարծիք են հայտնել այն մասին, որ խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է:
Նրանց կարծիքով, այդ հակամարտության նախաձեռնողը Կրեմլն է եղել և հենց Կրեմլն էլ
պետք է այն լուծի: Եթե դիմենք ոչ վաղ պատմությանը, կտեսնենք միանգամայն հակառակլը:
Այդ հակամարտությունը ստեղծել են Խորհրդային Միության փլուզման կողմնակիցները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ մեծ տերության փլուզման պատճառներից մեկ էր:
Այդ փաստն այն բանի վկայությունն է, որ Կրեմլը շահագրգռված է դրա կարգավորմամբ,
սակայն ի զորու չէ դա անել, այլապես արդեն վաղուց արած կլիներ», - ասել է
Բարանեցը:
Նա նաև նշել է, որ
Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ փորձում են կարգավորել Լեռնային Ղարաբաղի
հակամարտությունը, սակայն չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Դրա համար
երկու կողմերը ցանկանում են ներգրավել երրորդ կողմի: Ադրբեջանը հակվում է դեպի
Արևմուտք և ներգրավում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանը դիմում է Ռուսաստանի և
ՀԱՊԿ-ի օգնությանը: «Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է ԱՄՆ և ՆԱՏՕ օգնությամբ ուժով
վերադարձնել տարածքները, ապա ամենամոտ ապագայում մենք ականատես կլինենք նախ
տարածաշրջանային, իսկ հետո` երրորդ համաշխարհային պատերազմի: Պատերազմը Հայաստանի
և Ադրբեջանի միջև, որոնք հենվում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հզորության
վրա, նշանակւոմ է, վերջին հաշվով,
պատերազմ ԱՄՆ-ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ
Ռուսաստանին այդպիսի պատերազմ հարկավոր չէ», - ընդգծել է ռազմական փորձագետը: