Պրն. Հայրապետյան, ինչպիսի՞ն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների Ձեր գնահատականը, ներքաղաքական ի՞նչ փոփոխություններ են նկատվում նախագահական ընտրություններից հետո:
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթացները ներկայացում են, որի ռեժիսորներին պետք չէ փնտրել հայ քաղաքական գործիչների կամ կուսակցությունների շրջանում: Նրանք բոլորը խամաճիկներ են, առաջին հերթին` Ռուսաստանի ձեռքում: Իհարկե, Արևմուտքը ևս իր նպատակներն է հետապնդում, բայց այն շահերի ոչ մեծ մասնաբաժին ունի այստեղ: Հենց Ռուսաստանն է կառավարում ինչպես ՀՀ ղեկավարությանը, այնպես էլ ընդդիմության բոլոր բեկորներին, ըստ որում`անում է դա խիստ քամահրական կերպով: Եվ ինքնահարգանքի որևէ նշան մեր քաղաքական ուժերի վարքագծում չեմ տեսնում:
Բայց չէ՞ որ շատ փորձագետներ, այդ թվում`ռուսաստանցի, քննադատում են Կրեմլին ոչ գրագետ արտաքին քաղաքականության համար, ինչի արդյունքը հետխորհրդային տարածությունում դիրքերի հանձնումն է:
Մասամբ համաձայն եմ այդ պնդմանը: Մենք հիշում ենք, որ Արևմուտքը ՙսառը պատերազմում՚ հաղթանակ տարավ ԽՍՀՄ նկատմամբ: Մոսկվան փուլ առ փուլ, որպես պատերազմում պարտված կողմի ռազմատուգանք`ՙհանձնեց՚ Արևելյան Եվրոպան, այնուհետև`Մերձբալթիկան: Այնուհետև ՙնարնջագույն հեղափոխություններ՚ տեղի ունեցան Ուկրանայում և Վրաստանում: Նման նահանջ տեղի ունեցավ նաև Հարավային Կովկասում: Ռուսական ստորաբաժանումներն սկզբում դուրս բերվեցին Ադրբեջանից`բացառությամբ Գաբալայի ՌՏԿ-ի: Ի դեպ, ռուսական զորքերի դուրս բերման համար Բաքուն հատուցեց Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների կորուստով: Ռուսական զորամասերն ավելի ուշ դուրս բերվեցին Վրաստանից, ինչն արդյունքում թանկ նստեց Թբիլիսիի վրա`Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստի տեսքով: Հնգօրյա պատերազմը, Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի օկուպացիան և Արևմուտքի երկչոտ միջամտությունը, ըստ էության, նշանակում էին, որ վերջինս, ըստ երևույթին, հակված է Հարավային Կովկասը ճանաչել Մոսկվայի արտոնյալ շահերի գոտի: Իր զիջողական դիրքորոշման մեջ Արևմուտքը հասավ այնտեղ, որ որպես արևմտամետ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքական ընդդիմախոս` ընտրվեց Բիձինա Իվանիշվիլին. մարդ, ով որոշակի ռևերանսներ է անում դեպի Ռուսաստանի կողմը: Իրադարձությունների այդօրինակ լուրջ զարգացումները միանշանակ ցույց են տալիս, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ներկայումս տարաձայնություններ չկան մեր տարածաշրջանում:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի նման զիջողական դիրքորոշումը Մոսկվայի հանդեպ:
Կարծում եմ` Մոսկվայի շահերի հանդեպ Արևմուտքի ոչ մեծ նահանջը պայմանավորված է ՙարաբական գարունով՚: Ռուսաստանին վերապահված է քրիստոնական քաղաքակրթության վրա իսլմական ճնշման զսպման առաքելություն: Ինչքան էլ որ Ռուսաստանը ՙանառակ որդի՚ լինի Եվրոպայի համար, այնուամենայնիվ, այն Եվրոպայի, քրիստոնեական քաղաքականության մաս է կազմում, և վերջինիս է վերապահված ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Հեռավոր Արևելքում քաղաքակրթության սահմանապահի առաքելությունը:
Վերադառնանք Հայաստանին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն եղել և շարունակում է գտնվել Ռուսաստանի ազդեցության շրջանակում:
Հայաստանում այդպես էլ ի հայտ չեկան բավականաչափ քաղաքական արժանապատվություն ունեցող առաջնորդներ`մարտահրավեր նետելու Մոսկվայի գերիշխանությանը: Ելնելով այս ամենից`չեմ կարծում, թե Հայաստանի քաղաքական համակարգում ներակայիս սատուս-քվոն կփոփոխվի տեսանելի ապագայում: Հայաստանը չի կարող տարբերվել իր ՙմետրոպոլիայից՚: ՙՉի կարող ամբողջ օրգանիզմը տենդի մեջ գտնվել, իսկ կոռոպցիայի մեջ խրված Ռուսաստանն, իրոք, տենդում է, իսկ առանձին վերցրած օրգանն առողջ լինել: Եթե մենք Ռուսաստանի ֆորպոստն ենք, ապա այստեղ լավագույն դեպքում միայն կոսմետիկ բարեփոխումներ կլինեն:
Իսկ ի՞նչ կասեք ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին: Դրանք կրկին կոսմետիկ փոփոխությունների գործիք են, թե՞ երկրաժամկետ արդյունքի ձեռքբերմանն ուղղված լուրջ գործըթնացներ:
Պետք է ամենից առաջ հաշվի առնել, որ բանակցությունները վարում են Հայաստանի իշխանությունները, որոնք Մոսկվայի դրածոներն են: Հասկանո՞ւմ է արդյոք դա Եվրամիությունը` իհարկե, հասկանում է: Բնական է, որ Եվրամիությունը չի կարող ՆԱՏՕ-ի զորքերը Հայաստան մտցնել: Վերջինիս մնում է միայն այդպիսի միջոցներով, ինչպիսին ֆրանսիական Carrefour-ի մուտքն է հայաստանյան շուկա, պայքարել օլիգարխիայի դեմ: Բայց Carrefour-ի հետ կապված պատմությունն Արևմուտքի կողմից ՙստատուս-քվոն՚ փոխելու ընդամենը երկչոտ փորձեր են, և, հետևաբար, դա չի կարող հանգեցնել որակական փոփոխությունների: Եթե Ռուսաստանը, ՙմահակը՚ ձեռքին, որոշի Հայաստանին ստիպել անդամակցել Եվրասիական միությանը, ապա հազիվ թե իշխանությունները համարձակություն ունենան նման ճնշմանը դիմադրելու և անելու ճիշտ աշխարհաքաղաքական ընտրություն, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ազգային շահերի պաշտպանությանը: Շատ բան է կախված նաև Արևմուտքի ճկունությունից` արդյո՞ք այն կստիպի Հայաստանին ավելի կոշտ պայմաններ դնել Մոսկվայի առջև, կամ հասկանալով Հայաստանի անելանելի վիճակը` կփորձի սահմանափակվել նվազագուն պահանջներով:
Բայց Արևմուտքը սերտորեն համագործակցում է Մոսկվայի ՙդրածոների հետ՚, ինչպիսիք են Հայաստանի իշխանությունները, ավելին`այն օպերատիվորեն շնորհավորեց նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, մինչդեռ կարող էր աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին:
Արևմուտքին այսօր վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում: Այն կարող է միայն իր վերաբերմունքն արտահայտել այս կամ այն գործընթացների առնչությամբ: Մենք հիշում ենք, որ 2008 թվականին ԱՄՆ նախագահն այդպես էլ չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, իսկ եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորեցին բավականին ուշ, այն էլ`երկրորդական դիվանագետների և պաշտոնյաների միջոցով: Այս անգամ իրավիճակն այլ էր: Ցավոք, Սերժ Սարգսյանը հաղթեց ընտրություններում: Չգիտեմ, թե հատկապես որտեղ տեղի ունեցած կեղծիքները, բայց մեկ բան ակնհայտ է`իշխանությանն այս անգամ հաջողվեց համոզել նախագահական ընտրությունների արդարության և թափանցիկության մեջ: Իսկ Արևմուտքը հենց դրան էլ սպասում էր. ավելորդ գլխացավանք չստեղծել և մինչև վերջ չհանձնել տարածաշրջանը, որը ինքը`Արևմուտքը, պահպանում է Ռուսաստանի միջոցով: