Սևանի և Դիլիջանի ազգային պարկերը չեն համապատասխանում Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) II կատեգորիային /ՙԱզգային պարկ՚ կատեգորիա/: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Փորձագետը նշել է Սևանի ազգային պարկի նկատմամբ մոտեցման փոփոխման անհրաժեշտությունը: ՙՄիգուցե տվյալ դեպքում մեզ անհրաժեշտ է ոչ թե Ազգային պարկ, այլ՝ առանձին հատուկ պահպանվող տարածքներ՚,- նշել է Մանվելյանը: Նրա խոսքով, այդպիսով կարելի է ուշադրությունը կենտրոնացնել Սևանա լիճ թափվող՝ իշխանի ձվադրման համար կարևոր գետերի, ինչպես նաև Սևանի ավազանի ոչ մեծ լճերի վրա: Բացի այդ, ավելորդ չի լինի ավելի մեծ ուշադրություն դարձնել ափամերձ շրջաններին, օրինակ՝ Արեգունիի լեռնաշղթային:
Մանվելյանն ընդգծել է, որ նույնիսկ արտասահմանցի փորձագետների մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ Սևանն, ըստ էության, Ազգային պարկ չի հանդիսանում:
Նույն իրավիճակն է Դիլիջանի ազգային պարկում: Միաժամանակ այդ հարցում առաջընթաց է նկատվել. CNF /Կովկասի բնության հիմնադրամ/ մասնակցությամբ մշակվել է կառավարման ծրագիր, ըստ որի՝ նախատեսվում է 10 տարվա ընթացում ՙԴիլիջան՚ ազգային պարկը հասցնել Ազգային պարկի ստանդարտներին: Այդ աշխատանքներն իրականացվելու են ներդրումների, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով:
Ծրագրի սևագիր տարբերակը մոտ ապագայում կներկայացվի CNF և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: ՙՆույնը պետք է նաև Սևանում: Բայց դրա համար ժամանակ և ռեսուրսներ են պետք՚,- նշել է Մանվելյանը: