Գազի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը պետք է թափանցիկ լինի`Հայաստանի կառավարության ճնշումից խուսափելու նպատակով, այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության խմբակցությունը հանդես է եկել գազային ոլորտում խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Ավելի վաղ ՀՀԿ-ն մերժել է ընդդիմադիր խմբակցույթունների համանման առաջարկը, սակայն հետագայում ինքն է հանդես եկել նման նախաձեռնությամբ:
ՙՄենք բազմիցս ասել ենք, որ քաղաքական նպատակներ չենք հետապնդում: Մեզ հետաքրքրել են գնագոյացումը և 300 մլն դոլար պարտքը: Եվ այսօր մեր պահանջները չեն փոխվել: Եթե նույն նպատակներն է իր առջև դնում խորհրդարանական մեծամասնությունը, ապա պետք է ապահովի հանձնաժողովի աշխատանքների առավելագույն թափանցիկությունը՚,- նշել է Մանուկյանը:
Նշենք, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է հասնել այն բանին, որ բոլոր նիստերը դռնփակ անցկացվեն: Ընդդիմությունը համաձայն չէ դրան:
Մանուկյանը համաձայն է, որ որոշ նիստներ հարկավոր է անցկացնել փակ ռեժիմով, բայց ոչ բոլորը: ՙՎերջիվերջո, բաց քննարկումները նվազեցնում են հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու կառավարության հնարավորությունները՚,- ասել է պատգամավորը: