Երևանի քաղաքապետարանում ստեղծվող հանձնաժողովի կարգավիճակը և լիազորությունները, որը պետք է զբաղվի տրանսպորտի խնդիրներով, պարզաբանման կարիք ունեն: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի Ավագանու խորհրդի ՙԲարև Երևան՚ խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքում ներգրավելու ուղղությամբ, որը ստեղծվում է`ուղևորափոխադրումների ուղեվարձի վերանայման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման առնչությամբ քննարկումներ կազմակերպելու նպատակով:
Սաֆարյանի խոսքով, եթե հանձնաժողովի աշխատանքներն իմիտացիոն բնույթ կրեն կամ նոր ուժ հաղորդեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ավելի վաղ կասեցված որոշմանը, խմբակցությունը չի մասնակցի դրա գործունեությանը:
Սաֆարյանը վստահ չէ, որ այդ հանձնաժողովի աշխատանքը կարդարացնի հասարակայնության սպասումները: ՙՄայրաքաղաքի իշխանությունները, ըստ երևույթին, մտածում են, որ երբ բողոքի ալիքը հանդարտվի, հնարավոր կլինի կրկին բարձրացնել տրանսպորտի սակագները՚,- հայտարարել է Սաֆարյանը:
Ընդդիմադիր գործիչը նաև հաղորդել է, որ ՙԲարև Երևան՚ խմբակցությունը մտադիր է դիմել դատարան`հասարակակն տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման հետ կապված: Խմբակցությունը մտադիր է նաև հասնել Ավագանու խորհրդի կանոնակարգում որոշ կետերի վերանայմանը: Նրա խոսքով, նախորդ Ավագանու խորհրդի լիազորություններն աղավաղվել են`այն առումով, որ հասարակական ծառայությունների կարգավորման ոլորտը, այդ թվում`տրանսպորտի խնդիրները, մնացել են այդ կառույցի իրավասությունից դուրս, և այսօր այդ բացթողումը պետք է վերացնել: