Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրումը դա բյուջեն համալրելու ամենաանմարդկային և անարդյունավետ եղանակն է: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փետրվարի 15-ին կայացած 7-րդ համագումարում հայտարարել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքերով, երբ երկրի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է, պարզապես անընդունելի է ներդնել նման համակարգ: Միաժամանակ Ծառուկյանը գտնում է, որ փոքր և միջին բիզնեսը կարող է ունենալ հարկային արտոնություններ: Այդ խմբում նա թվարկել է տաքսիստներին, ատամնաբուժներին, վարսավիներին և այլն: «Անհրաժեշտ է քննարկել նաև «հարկային արձակուրդ» հասկացության ներդրումը, որն արդյունավետորեն է կիրառվում մի շարք զարգացած երկրներում: Երկրում պետք է ստեղծվեն միջին բիզնեսի բարգավաճման պայմաններ: Աշխատատեղերի ստեղծումից և ձեռնարկությունների ավելացումից ստացված միջոցներն ավելի արդյունավետ են, քան այն միջոցները, որոնք ստացվում են քաղաքացիների կաշիները քերթելով»,-ընդգծել է նա:
Ծառուկյանը նշել է, որ կան ձեռքբերումներ արտադրության ոլորտում, պատրաստակամույթուն հայտնելով օգնել տեղական արտադրողին: «Մեր երկիրը գտնվում է շատ բարդ վիճակում, և ես պատրաստ եմ գտնել և ֆինանսավորել համաշխարհային լավագույն փորձագետներին, ովքեր արդյունավետ ելքեր կառաջարկեն ստեղծված իրավիճակից»,-հայտարարել է նա:
Նա նաև նշել է, որ 2012 թվականին կուսակցությունը կանգնած էր ընտրության առջև` մտնել կոալիցիա և վերցնել պատըասխանատվություն, կամ հրաժարվել իշխանությունից և շարունակել սեփական նախընտրական ծրագրի կատարումը, որպես այլընտրանքային կուսակցություն: «Մենք ընտրեցինք երկրորդ ճանապարհը, գիտակցելով, որ դա դժվարին ճանապարհ է, որն անհրաժեշտ է անցնել ժողովրդի հետ միասին»,-հայտարարել է Ծառուկյանը: Նա նաև հայտարարել է, որ ԲՀԿ կպայքարի կառավարության բոլոր այն որոշումներին դեմ, որոնք չեն բխում հայ ժողովրդի շահերից: Նրա խոսքերով, այսուհետ նրա կուսակիցները ժողովրդի հետ միասին կպայքարեն թե խորհրդարանում, և թե փողոցներում:
«Ես պատրաստ եմ թողնել քաղաքականությունը, երբ երկրում ամեն ինչ կկարգավորվի, երբ այն կսկսի ընթանալ կայուն զարգացման ուղիով»,-հայտարարել է Ծառուկյանը: