Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունները կարող են ՙնոր դարաշրջան՚ թևակոխել, եթե Հայաստանը և հայկական սփյուռքը ՙհամարձակ քայլերի՚ գնան`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս տարվա ապրիլին արած հայտարարության նմանությամբ:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, Turkish Policy Quarterly պարբերականում իր հոդվածում Դավութօղլուն գրում է, որ Էրդողանի հայտարարությունը պետք է հիմք ծառայի հետագա քայլերի համար: Նրա խոսքով, Էրդողանի ցավակցական ուղերձը չպետք է դիտարկվի որպես կոնյունկտուրային քայլ, այլ հարկավոր է ընկալել որպես ամուր խաղաղության վրա հիմնված ընդհանուր ապագայի կերտման կոչ բոլոր կողմերին:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Երևանի և Անկարայի միջև նոր, ավելի ամուր խաղաղություն կհաստատվի, եթե քաղաքական գործիչները և մտավորականներն իրենց ներդրումն ունենան երկուստեք հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու հարցում, հակառակ դեպքում երկու կողմերն էլ կօգտագործվեն նրանց կողմից, ում ձեռնտու է շարունակվող ստատուս-քվոն:
Ըստ որում, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անարդար է համարում, որ երկու երկրների ժողովուրդները մոռացել են հայերի և թուրքերի միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունները և միայն իրենց պատմության բացասական էջերն են հիշում:
Դավութօղլուն գտնում է, որ 1915թ. իրադարձությունների շուրջ ստեղծված ՙանարդարացի հիշողություն՚ այդ երևույթի ամենավառ վկայությունն է: Եվ այդ համատեքստում նա երկու կողմերի միջև բաց և մշտական երկխոսություն սկսելու կոչ է արել:
ՙՈրպեսզի հայերն ու թուրքերը գիտակցեն, թե ինչ է կատարվել իրենց հետ, պետք է հարգեն մեկը մյուսի հիշողությունը: Հայերի համար 1915թ. գաղթի տարի էր, որի ընթացքում նրանց հետ մեծ ողբերգություն տեղի ունեցավ: Դրա նախորդ և հաջորդ տարիները նույնպես ողբերգական էին Անատոլիայի թուրքերի համար. դրանք գոյատևման և անկախության համար պայքարի տարիներ էին: Իրականում դրանք ՙհամատեղ ցավի՚ տարիներ էին՚,- ասել է Դավութօղլուն: