Սոչիում Սերժ Սարգսյանը պետք է բարեխոսի Լևոն
Հայրապետյանի համար: Օգոստոսի 7-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ
վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Համոզված
եմ, որ որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է օգտվի Սոչիի հանդիպումից`
մեր հայրենակցի, հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանքից ազատմանը
հասնելու նպատակով: Դա հատկապես կարևոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ
վերջինս, ով նաև ՀՀ քաղաքացիություն ունի, Ռուսաստանում հետապնդման է ենթարկվում», - նշել է նա:
Սպասվում
է, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն օգոստոսի 8-9-ը Սոչիում: Հանդիպումը
կընթանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ` վերջին օրերին
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի
բազմաթիվ խախտումների ֆոնին:
«Հաշվի
առնելով Հայրապետյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտության անբավարար
հիմնավորումը` Հայաստանն իր առաջին դեմքի շուրթերով պետք է պահանջի նրա ազատում,
բնականաբար, երաշխիք տալով, որ Հայրապետյանը չի խուսափի քննչական միջոցառումներին
մասնակցությունից», - ամփոփել է Իգիթյանը:
Այսօր
Երևանում անցկացվել է ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանում կալանավորված Լևոն
Հայրապետյանի: Մշակույթի, քաղաքականության ականավոր գործիչներ, գործարարներ
ուղղվել են դեպի Հայաստանի նախագահի նստավայր, որտեղ նախագահի աշխատակազմի
աշխատակից Աիդա Սարգսյանին հանձնել են նամակ-ուղերձ Սերժ Սրագսյանին: Նամակում,
մասնավորապես, Հայաստանի նախագահին կոչ է արվում նպաստել Հայրապետյանի նկատմամբ
խափանման միջոցի փոխմանը, քանի որ նա նաև Հայաստանի քաղաքացի է: Ակցիայի
մասնակիցները քայլել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում
ՌԴ դեսպանատուն և ԱԳՆ, բոլոր այդ գերատեսչությունների ներկայացուցիչներին
հանձնելով նամակ-խնդրագրեր` Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելուն
աջակցելու վերաբերհյալ:
Հայրապետյանը
ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել
էր Մոնակոյից: Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը հայ գործարարարի նկատմամբ
խափանման միջոց է նշանակել 2 ամիս կալանքը` կալանք կիրառելով նաև «Բաշնեֆտի»`
Հայրապետյանին պատկանող շուրջ 300 մլն ռուբլու բաժնետոմսերի նկատմամբ:
Հայրապետյանը մեղադրվում է փողերի մսխման և հանցավոր եկամուտների օրինականացման
համար: