Ադրբեջանում գերությունից վերադարձած Գևորգյանների
ընտանիքի անդամների առողջական վիճակը գնահատվում է որպես նորմալ: Այդ մասին
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Նրա ասելով, մեկ ժամվա ընթացքում ընտանիքի անդամները
դուրս կգրվեն հիվանդանոցից: Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը բժշկական
կենտրոնում բուժզննում էր անցնում` առողջական վիճակի գնահատման նպատակով:
Գևորգյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը 2010 թվականին կամավոր հատել էր հայ-ադրբեջանական սահմանը` այնտեղից երրորդ երկիր անցնելու ակնկալիքով: Ընտանիքի հայրն այդ ձևով փորձել էր խուսափել Հայաստանում քրեական պատասխանատվությունից: Սակայն ողջ այդ ընթացքում նրանք Ադրբեջանում գտնվել են, փաստորեն, կալանքի տակ:
Ինչպես ավելի վաղ ԶԼՄ-ների հետ զրույցում նշել են
ընտանիքի անդամները, գերության ընթացքում նրանց հետ վարվել են չափազանց դաժանաբար:
4 տարի նրանք ապրել են գերիների համար զորանոցում, որտեղ ենթարկվել են
նվաստացումների, իսկ ընտանիքի հայրը` պարբերաբար ծեծի: