Տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ,ՙԱմերիկայի Ձայն՚-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՙՓորձիր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ - ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել՚,- նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմերը պատրաստ են խաղաղ բանակցելուն, Ուորլիքն ասել է. ՙԿարող եմ հավաստիացնել, երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, և մենք պետք է փորձենք ամեն կերպ նպաստել այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ: Բնավ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը, այն է ՝ խաղաղ բանակցություններ, այլ ոչ պատերազմ՚։