ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ սկանդալները ներիշխանական գզվռտոցի արդյունք չեն: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
Նրա ասելով, վերջնական հետևությունների համար անհրաժեշտ է սպասել վարչապետի մասնակցությամբ օֆշորային սկանդալին առնչվող գործի հետաքննության ավարտին, ինչպես նաև` ՀՅԴ և Տիգրան Սարգսյանի միջև ՙպատերազմի՚ հանգուցալուծմանը: ՙԲՀԿ նախընտրում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն` եթե դա չի վնասում պետությանն ու հասարակությանը: Չեմ կարծում, թե մյուս կուսակցություններն այլ դիրքորոշում ունեն կամ ցանկանում են ներքաղաքական պառակտում՚, - հայտարարել է նա:
Նշենք, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում տարածված լուրերի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի և խոսնակ Հովիկ Աբրահամյանի միջև իսկական պատերազմ է սանձազերձվել, որն արժե դիտարկել 2018 թվականի նախագահական ընտրությունների պրիզմայով: Հենց մինչև առաջիկա համահանրապետական ընտրությունները միմյանց թուլացնելու ձգտումից դրդված վարչապետն ու խոսնակը վարկաբեկող նյութերի պատերազմ են սանձազերծել, ինչի հետևանքով ԶԼՄ-ներում հայտնվել է փակ տեղեկատվություն Տիգրան Սարգսյանի օֆշորային ընկերության, կառավարության կողմից Չինաստանում ՙՇանհայ-2012՚ ցուցահանդեսի կազմակերպման համար տրամադրված 2 մլն դոլարի ոչ նպատակային օգտագործման մասին, որտեղ Հայաստանի դեսպանը վաչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: Օրերս ՀՅԴ պառակտելու ձգտման համար Սարգսյանին ուղղված մեղադրանքով հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Կառավարությունը նույնպես հետ չի մնացել, և Ֆինանսների նախարարության տեսչությունը ՙհանկարծահաս՚ որոշել է ստուգումներ անցկացնել Արարատի մարզում և պարզել, որ արտոնյալ գներով մոտ 48 հազար լիտր դիզելային վառելիք է բաժին հասել նաև Աբրահամյանի ընտանիքին, որը բնավ անապահով չի կարելի համարել:
Երկու բարձրաստիճան հանրապետականների միջև գզվռտոցը, որի արդյունքում ԶԼՄ-ներ է նետվում իշխանություններին վարկաբեկող տեղեկատվություն, դուր չի եկել նախագահ Սերժ Սարգսյանին, ով նախ ՙհանդիմանել է՚ Հովիկ Աբրահամյանին ՎՊ հաշվետվությունից հետո կառավարության հասցեին քննադատության համար, իսկ հետո` նաև վարչապետ Տիգրան Աարգսյանին` ՙյուրայինների՚ մոտ տեսուչներ ուղարկելու համար: