Դատելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե հանդիպումներից`Մոսկվան այժմ փորձում է հարաբերություններ կառուցել Թբիլիսիի նոր իշխանության հետ: ՙՎրացական երազանքի՚ և Վրաստանի համար ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդ համագործակցությունում:
Դա կախված է համագործակցության մակարդակից: Հիմնական կարմիր գծերը, օրինակ`դիվանագիտական հարաբերություններ, Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչում, կարծես, ոչ ոք չի պատրաստվում անցնել, ահա դա ռիսկային կլիներ:
Կարելի՞ է արդյոք նշել, որ որոշումների կայացման հարցում ՙՎրացական երազանքն՚ ազատ է Սահակաշվիլիի վրա Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից գործադրվող ճնշումից:
Ոչ ոք ազատ չէ ճնշումից, սակայն այդ ճնշման բնույթը, ինչպես և աստիճանը, կախված է որոշակի իրավիճակից: Ընդհանուր առմամբ ՙՎրացական երազանքը՚ առայժմ ավելի քիչ է կախված Արևմուտքից, քան Սահակաշվիլին, բայց դա ձեռքբերովի բան է, և պարտադիր չէ, որ` վատ, հատկապես`եթե ճիշտ ուղղությամբ է ընթանում :
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին Աբխազիայով երկաթուղու վերականգնման հեռանկարները բնորոշել է, որպես գաղափար, ՙորի շուրջ բանակացություններ չեն եղել՚: Ըստ որում, նա կասկած է հայտնել երկաթուղային հարցը քննարկելու Մոսկվայի պատրաստակամության առնչությամբ`միաժամանակ կապելով այն Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ ՌԴ քաղաքականության վերանայման հետ: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցը Թբիլիսիի առջև դրված չէ:
Կարծում եմ`երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցը Թբիլիսիի առջև լրջորեն է դրված, սակայն` առանց անհրաժեշտ նախնական մշակման: Սակայն, այնուհետև պարզ դարձավ, որ տվյալ պահին և առկա իրավիճակում Վրաստանին դա հարկավոր չէ: Թեև պետք է խոստովանել, որ հեռավոր ապագայում լրացուցիչ տրանսպորտային հաղորդակցությունները, անշուշտ, չեն խանգարի:
Վրաստանում իշխանափոխությունն առաջին հայացքից տարածաշրջանի բաժանարար գծերի վերաբաժանման նոր հնարավորություններ է բացել: Վրաստանում լուրջ դժգոհություն կա թուրք-ադրբեջանական տարանցումից երկրի կախվածությունից և Վրաստանի վրա այդ երկրների ազդեցությունից: Այսօր Վրաստանը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ միասին տեսականորեն կարող է տարածաշրջանում իրավիճակի աշխարհաքաղաքական բեկում կատարել` հյուսիսից դեպի հարավ նոր առանցքի ձևավորման ճանապարհով, միաժամանակ ազատվելով այդ կախվածությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Թբիլիսին շահագրգռվածություն չի ցուցաբերում նման մասշտաբային նախագծի առնչությամբ:
Թուրք-ադրբեջանական տարանցումից երկրի կախվածության և Վրաստանի վրա այդ երկրների ազդեցության առնչությամբ լուրջ մտահոգություն չկա: Իսկ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ հյուսիսից դեպի հարավ տարածաշրջանի բաժանարար գծերի համատարած փոփոխման միջոցով նոր առանցքի ձևավորման նախագիծը հույսերից ծնված ֆանտազիա Է: Դատելով այդ նախագծերով նվազ հետաքրքրությունից` համանման կարծիքի են նաև Թբիլիսիի իշխանական կաբինետներում:
ՆԱՏՕ-ն`ի դեմս Թուրքիայի, ազդում է Վրաստանի և Ադրբեջանի վրա: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարելի՞ է արդյոք նշել, որ Հարավային Կովկասի վրա Ռուսաստանի ճնշումն իրականացվում է միայն Հայաստանի հաշվին, իսկ ուժերի հավասարակշռությունը տեղափոխվում է դեպի ՆԱՏՕ-ի կողմը:
Հայաստանը նույնպես ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանում էլ կան տարբեր դիրքորոշումներ, և Հայաստանում էլ Եվրասիական նոր կառույցներին, կարծես թե, ոչ ոք չի շտապում անդամակցել: Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել: Մեր տարածաշրջանի վրա Ռուսաստանի ազդեցությունն իրականացվում է նաև Հայաստանի միջոցով, բայց չմոռանանք Ռուսաստանի գլխավոր բարեկամների` բանակի և նավատորմի մասին:
Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ գրեթե բոլոր տարածաշրջանային նախագծերը, հասկանալի պատճառներով, ուղղված են առանց այդ էլ նրանց ջանքերով շրջափակման մեջ գտնվող Հայաստանի էլ ավելի մեծ մեկուսացմանը: Արդյո՞ք այդ մեկուսացումը բխում է Վրաստանի շահերից, որն այդ նախագծերի հիմնական տարանցիկ երկիրն է:
Կարծում եմ`դուք կրկին չափազանցնում եք Հայաստանի դերը Վրաստանի ծրագրերում և շահերում, Թուրքիայի և Ադրբեջանի մասին չեմ ուզում դատել: Վրաստանը, ինչպես և Հայաստանը, առաջին հերթին հետապնդում է սեփական շահերը, և այդ շահերն ուղղված են դեպի Արևմուտք, այլ ոչ թե դեպի Հյուսիս: Հայաստանի մեկուսացումը հազիվ թե Վրաստանի համար առաջնահերթություն է կամ ընդհանրապես`նպատակ, թեև որոշ կողմնակի օգուտներն այդ գործընթացից ակնհայտ են:
Ես չէի ցանկանա խորհուրդներ տալ, թե ինչ կերպ կարող է Հայաստանը հաղթահարել այս մեկուսացումը, սակայն, իմ կարծիքով, մեկուսացման արմատները պետք չէ փնտրել Վրաստանում: