Սիրիայի շուրջ իրավիճակը դեռ շարունակում է զարգանալ: Ըստ որում, առայժմ նույնիսկ հայտնի չէ, թե արդյոք Միացյալ Նահանգները սահմանափակ ռազմական հարվածներ կհասցնեն Սիրիային: Այդպիսի կարծիք է հայտնել Ջորջ Վաշինգթոնի համալսարանի Էլլիոթի անվան միջազգային հարաբերություների դպրոցի պրոֆեսոր Կորի Վելտը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
ՙԵթե դա տեղի ունենա, չեմ հավատում, որ Իրանը որևէ զգալի պատասխան տա: Քանի որ Կովկասը գտնվում է այդ տարածաշրջանի հարևանությամբ, վերջինիս բնակչությունը կարող է որոշակի մտավախություններ ունենալ Սիրիայի նկատմամբ հնարավոր ռազմական գործողության հետևանքների առնչությամբ: Բայց, կարծում եմ, սպառնալիքը հեռու է: Ամեն դեպքում, հայերը, մասնավորապես, արդեն զգացել են իրենց վրա այդ հակամարտությունը`հաշվի առնելով հայկական բնակչության առկայությունը Սիրիայում: Վատ չէր լինի, որ արևմտյան կառավարությունները լիակատար պատկերացում ունենային այն մասին, թե ինչպիսին կլինի Սիրիայի ապագան, թեև շահագրգռված են վերջինիս տարածքային անվտանգության պահպանմամբ՚,- նշել է Վելտը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգներում ոչ ոք Սիրիա ցամաքային ներխուժում չի նախատեսում: Ներկայումս քննարկվող գործողությունն ավելի շատ նման կլինի Բոսնիայի ռմբահարմանը կամ ավելի ագրեսիվ բնույթ կկրի, քան Լիբիայում տեղի ունեցած գործողությունը: Դա, պրոֆեսորի կարծիքով, ամենևին չի նշանակում, թե ԱՄՆ-ը իրեն գոհացնող արդյունքի կհասնի: ՙԱնհաջողության վախն ԱՄՆ կողմից դեռևս Սիրիային հարված չհասցնելու հիմնական պատճառն է:Որևէ շանս չկա, որ Միացյալ Նահանգները կօկուպացնեն Սիրիան՚,- ամփոփել է Վելտը: