Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախագծի նախապատրաստման նպատակով Երևանի կատարած լուրջ աշխատանքը կարող է խնդրի վերածվել, եթե այդ հախագիծը հաշվի չառնի հյուսիսային ուղղությամբ հարաբերությունների համալիրը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը հուլիսի 20-ին Երևանում ՙՀայաստանի աշխարհաքաղաքական դերը արդի միջազգային հարաբերությունների համատեքստում՚ խորհրդաժողովում:
Նրա ասելով, կարելի է, իհարկե, ողջունել եվրոպական կառույցների և եվրատլանտյան դաշինքի հետ տնտեսական և քաղաքական շփումները դիվերսիֆիկացնելու Հայաստանի ձգտումը: ՙԱկնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունն այդ ամենն անում է` ելնելով սեփական քաղաքացիների շահերից: Միևնույն ժամանակ, այդ սյուժեները պետք է դառնան անկեղծ արտաքին քաղաքական քննարկման մաս, որտեղ Ռուսաստանի առնվազն մասնակցությունը միանգամայն տեղին է՚, - հայտարարել է նա:
Ինչպես նշվել է, Մոսկվայի և Երևանի ռազմաստրատեգիական փոխգործակցությունը և այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, բնավ չի սպառում երկու երկրների փոխգործակցության հնարավորությունները: Տորկունովի ասելով, այդ հնարավորությունները Հայաստանը ռուսական կողմնորոշման ինտեգրման ձևաչափում ներառելու հարթությունում են: ՙԴա կպահանջի նոր տնտեսական մտածողություն, նոր փոխադարձ կապեր հարևանների հետ, ներառում Մաքսային միության երկրների հետ բազմակողմանի տնտեսական բանակցային գործընթացում՚, - նշել է ՄՄՀՊԻ ռեկտորը:
Նշենք, որ, ինչպես հաղորդում է Արտաքին գործունեության եվրոպական ծառայությունը, հուլիսի 22-ին ԵՄ երկրների ու ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների արտգործնախարարները կքննարկեն ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի նախապատրաստումը, որը կկայանա նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում: ՙԵՄ-Արևելյան գործընկերություն՚ նախարարական հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, ժամը 17-ին: Այն կշարունակվի Արտաքին գործունեության եվրոպական ծառայության տարածքում ընթրիքի ձևաչափով: Քննարկումը նվիրված կլինի նոյեմբերին Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության գագաթնաժողովից՚ սպասվող արդյունքներին՚, - ճշտել են ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունում: Նախարարական նիստից առաջ, հուլիսի 22-ի առաջին կեսին արտգործնախարարները ԵՄ արտաքին գործերի խորհրդի ձևաչաով կքննարկեն վերջին իրադարձությունները ՙԱրևելյան գործընկերության՚ պետություններում և ընթացիկ գնահատական կտան արևելյան գործընկերներից յուրաքանչյուրի պատրաստությանը նոյեմբերի գագաթնաժողովին: