ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գաղտնի հարց կներկայացնի:
Ինչպես հաղորդում են ԱրմԻնֆո-ի աղբյուրները, քաղաքապետը հազվադեպ է կառավարության նիստում ներկայացնում փակ հարցեր, սակայն այս անգամ կքննարկվեն ներքաղաքային ուղևորափոխադրումների սակագները:
Փակ հարցերի քննարկման ժամանակ Կառավարության մամլո կենտրոնում անջատվում է նիստի հեռարձակումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
Նշենք, որ ավելի վաղ ԱրմնԻնֆո-ի աղբյուրները հաղորդել էին, որ Տարոն Մարգարյանը մտահոգված է հասարակական տրանսպորտի ուղեվարձի 50% թանկացումից հետո ստեղծված իրավիճակով և պատրաստ է զիջումների գնալ ու անցնել 120 դրամ սակագնի: Սակայն, Երևանում բողոքի ակցիաներ անցկացնող ակտիվիստները հայտարարել են, որ զիջումների չեն գնա, և ակցիաները կշարունակվեն մինչև նախկին 100 դրամ սակագնի անցնելը և տրանսպորտային ծառայությունների բարելավումը: