ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը, ինչպես նաև Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Պսակիի`դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են այդ հարցում ԱՄՆ մտադրությունների լրջության մասին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով, Սենատի կոմիտեի կողմից այդ բանաձևի ընդունումը նշանակալի իրադարձություն չէր լինի, եթե դրան չհաջորդեր Պետդեպարտամենտի հայտարարությունը, որը մեսիջներ էր պարունակում Թուրքիայի համար: ՙՉնայած Պսակին իր հայտարարության մեջ չի օգտագործել ՙցեղասպանություն՚ բառը`նա հստակ կերպով ընդգծել է, որ ԱՄՆ-ում գիտեն պատմական իրական պատկերի մասին`ակնարկելով Թուրքիային մերժման քաղաքականության անընդունելիության մասին՚,- նշել է փորձագետը:
Նշենք, որ բանաձևի ընդունումից հետո Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Պսակին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է. ՙՄենք ճանաչում ենք այդ պատմական փաստը և սգում 1,5 միլիոն հայերի կորուստը: Այդ սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկն են, և Միացյալ Նահանգները ճանաչում է, որ դրանք շարունակում են մեծ ցավ մնալ հայերի, ինչպես նաև բոլորիս համար, ովքեր կիսում են հիմնական համամարդկային արժեքները՚:
Չաքրյանը նշել է, որ այդ բանաձևն առանձնահատուկ է, քանի որ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին: ՙԴա նաև մեսիջ է, և եթե թուրք լոբբիստները, ինչպես անցյալում, ՙկեղտոտ՚ աշխատանքներ չկատարեն, այս անգամ Սենատը կճանաչի Ցեղասպանությունը՚,- կանխատեսել է փորձագետը: Նա նաև նշել է, որ թուրքական կողմը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, ավելի քան երբևէ մտահոգված է: ՙԱյդ մասին են վկայում Թուրքիայի բարձրաստիճան անձանց հայտարարությունները, և հատկապես Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հեռախոսային զանգն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին՚,- նշել է փորձագետը: Թուրքագետը նաև նշել է, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը նոր խթան կհաղորդի միջազգային ճանաչման գործընթացին:
Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից նման բանաձև առաջին անգամ է ընդունվում 25 տարվա ընթացքում: Ներկայացնելով փաստաթուղթը` Կոմիտեի ղեկավար, սենատոր Մենենդեսը, մասնավորապես, հայտարարել է. ՙՑեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դրան երբեք չի կարելի մեկ այլ անուն տալ, և բոլորը պետք է ճանաչեն այն, հատկապես` մարդկության դեմ այդ հանցագործության 100-ամյակի նախաշեմին՚: Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մազհար Բագլին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, երկրների միջև երկկողմ հարաբերությունները կարող են վատթարանալ: