ՀՀ կենտրոնական
բանկի
կողմից ս.թ. դեկտեմբերի 9-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Արժույթի շուկայի փորձագետների կարծիքով, չնայած ԿԲ-ի միջամտության փոքր
ծավալներին, այնուամենայնիվ, ինչ-որ չափով դանդաղել է դրամի արժեզրկման տեմպը:
Սակայն, արժույթի շուկայում հավասարակշռություն ստեղծելու համար, ինչին ձգտում է
ԿԲ-ն, անհրաժեշտ են ոչ միայն ամենօրյա, այլ ներդրումների ավելի լուրջ ծավալներ:
Ըստ ՀՀ ԿԲ դեկտեմբերի 8-ի հայտարարության, արժույթի շուկայում
հավասարակշռությունը վերականգնելու և արժույթի տատանումները մեղմելու համար
մեգառեգուլյատորը մտադիր է մինչև տարեվերջ կատարել ամենօրյա միջամտություններ:
Վաճառվող արժույթի առավելագույն ծավալի հայտարարման իրականացվող քաղաքականությունը
թույլ կտա նորմալացնել Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը: Իր
ամենօրյա ներդրումների մասշտաբները Կենտրոնական բանկը փուլերով կնվազեցնի, մինչև
որ հասնի դրամի հավասարակշռված փոխարժեքին: Դրա նպատակը դրամի փոխարժեքի ձևավորման
վրա ՀՀ ԿԲ ազդեցության նվազեցումն է:
Ըստ վերջին տվյալների, դեկտեմբերի
9-ին Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարիր
նկատմամբ անցել է 461 դրամ/դոլարից, վերջին 2.5 ամիսներին արժեզրկվելով 13%: Տվյալ
պահին (14:40) փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է
460/463 դրամ/$1, եվրոն` 564/570 դրամ/1 եվրո, ռուսական ռուբլին` 8,45/8.50 դրամ/1ռուբլի:
Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում սահմանվել է` ԱՄՆ 1 դոլարի առքի
առավելագույն գինը կազմել է 456 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն
գինը` 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,42 դրամ 1
ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 458 դրամ 1 դոլարի
դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 569 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական
ռուբլու վաճառքի գինը` 8.54 դրամ 1 ռուբլու դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային
բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն
գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 438,62
դրամ/$1: Ընդ որում, դեկտեմբերի 1-ից հետո բորսայում արտարժույթով գործարքներ չեն
իրականացվել: Բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն
նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային
շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`$59.3 մլն, ձևավորելով փոխարժեքը 442,42
դրամ/$1 մակարդակում, ինչի հետևանքով բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով
(դեկտեմբերի 1), մինչ օրս դատարկ է: