Տանգոյի միջազգային փառատոնը մի շարք անակնկալներ է պատրաստել երևանցիների համար: Դրանցից մեկն ապրիլի 20-ին կայանալիք համերգն է, որին կմասնակցեն ՙԿադանս՚ համույթը, ոկալիստուհի Մարիել Դյուպետին և բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը:
Աստոր Պյացոլլայի, Ռիշար Գալյանոյի և այլ հայտնի հեղինակների գործերից զատ համերգի ընթացքում կհնչի Սայաթ Նովայի ստեղծագործությունը, ինչպես նաև տանգոյի ոճով երգ, որը Մարիել Դյուպետին կկատարի հայերեն: Ուշագրավ է, որ հանուն այդ երաժշտական սխրանքի ոկալիստուհին ստիպված է եղել դիմել Բուենոս Այրեսի հայկական կենտրոնի մանկավարժի օգնությանը:
ՙԵրաժշտությունն այլ ժողովրդի մշակույթին ծանոթանալու հիանալի հնարավորություն է ընձեռում: Եվ, քանի որ ես առաջին անգամ եմ Հայաստանում, ինձ համար կարևոր էր ձեր երկիրը ճանաչել երաժշտական ստեղծագործության միջոցով՚, - խոստովանել է Դյուպետին ապրիլի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Վալտեր Ռիոսն իր հերթին նշել է, որ ավելի վաղ ինքն արդեն հնարավորություն է ունեցել կատարել Սայաթ Նովայի ստեղծագործությունները ՙԿանադս՚ համույթի հետ: ՙԴա հին և, միևնույն ժամանակ, ժամանակակից երաժշտություն է, որն ինձ հիացնում է՚, - ասել է նա: Ուշագրավ է, որ Երևանում երաժիշտը կնվագի բանդոնեոն, որը ժամանակին պատկանել է Աստոր Պյացոլլային:
Երևանի հանդիսատեսին ևս մեկ պարգև է սպասում ամռանը, երբ փառատոնի եզրափակիչ համերգի շրջանակում կկայանա Պյացոլլայի ՙՏարվա եղանակների՚ Կարեն Անանյանի մշակման համաշխարհային պրեմիերան ՙԿադանս՚ համույթի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:
Տանգոյի միջազգային փառատոնն ընթանում է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության և ՙԿադանս՚ երաժշտական կենտրոնի աջակցությամբ: Փառատոնի շրջանակում արդեն կայացել է 5 համերգ, դրանցից 4-ը` մայրաքաղաքի բուհերում, մեկը` Գյումրիում ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում: Ինչպես ակնկալվում է, մայիսին տանգոյի ոճով երաժշտությամբ զմայլվելու հնարավորություն կստանան նաև Վանաձորի բնակիչները: