Կոնվերս
Բանկը հունիսի 20-21 Armenia Marriott հյուրանոցում կայանալիք Digitec Բիզնես
Ֆորումին կներկայացնի էլեկտրոնային առևտրի համար նախատեսված նորագույն
լուծումները: Դրանցից մեկն է՝ նոր Visa Virtual Account-ը: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, կատարել ապահով
առցանց գնումներ և վճարումներ խուսափելով պլաստիկ քարտերի հետ կապված ռիսկերից
Visa Virtual Account-ի միջոցով առավել հեշտ է: Ֆիզիկական քարտի փոխարեն
յուրաքանչյուր հաճախորդը ստանում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնք
կարելի է ներմուծել ինտերնետ խանութներում:
Աղբյուրի համաձայն, Visa
Virtual Account-ն առավել հարմար կլինի միջազգային և տեղի օնլայն խանութներում
գնումներ կատարող երիտասարդների համար, քանի որ այն ապահով է, դեբետային, հեշտ
կառավարվող և մատչելի՝ սպասարկման վճարը երեք տարվա համար կազմում է ընդամենը 1000
դրամ: Կառավարել վիրտուալ քարտը կարելի է ինտերնետ բանկինգի միջոցով` կատարելով
փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Քարտային տվյալները կարելի է նաև
գրանցել Arca.am համակարգում, կոմունալ և այլ վճարումներ առցանց կատարելու համար:
Կոնվերս Բանկի ներկայիս
հաճախորդները վիրտուալ քարտ կարող են ձեռք բերել առանց բանկ այցելելու՝ հայտի ձևը
առկա է Կոնվերս Բանկի կայքում և ֆեյսբուքյան էջում: Վիրտուալ քարտի համարը,
հաճախորդի անունն ու ազգանունը, ինչպես նաև վավերականության ժամկետը պարունակող
տվյալները հաճախորդին ուղարկվում են առցանց:
Նշենք, որ Digitec 2014
Բիզնես Ֆորումին Կոնվերս Բանկը կներկայացնի իր նոր՝ ՏՏ պրոդուկտների և
ծառայությունների զարգացմանն ուղղված ռազմավարությունը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի,
2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ունեցել է 84 բանկոմատ, որից
51-ը տեղակայված է Երևանում, ինչպես նաև 374 սեփական POS-թերմինալ: Բանկը
թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa և MasterCard տեսակի
քարտեր: Բանկի ակտիվ քարտերի թիվը նույն օրվա դրությամբ կազմել է 128 հազար,
տարեկան աճը`30%, ինչը հիմնականում ապահովվել է տեղական քարտերի զգալի աճի հաշվին:
Նման դինամիկա է դիտվում նաև բանկի պլաստիկ տրանսակցիաների հատվածում:
Նշենք,
որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հիմնվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` Advanced Global Investments ընկերությունը – 95% և Մյր Աթոռ
Սուրբ Էջմիածինը - 5%: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց մեծ մասը տեղակայված է
մարզերում: