Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը Հայաստանի համար
ամենակարևորն ու շրջադարձայինն էին անցնող տարում: Դեկտեմբերի 24-ին մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի
տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` ամփոփելով տարվա արդյունքները:
«2013 թիվը բավականին հագեցած էր Հայաստանի համար:
Առաջին 6 ամիսներին Հայաստանն ակտիվորեն բարեփոխումներ էր իրականացնում
եվրաինտեգրման համար, սակայն Մաքսային միությանն անդամակցելու սեպտեմբերի 3-ի
որոշմամբ Երևանը հետընթաց քայլ կատարեց», - ընդգծել է վերլուծաբանը:
Նրա ասելով, հաջորդ բացասական իրադարձրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ի այցն էր Հայաստան:
Կիրակոսյանը նշել է, որ այդ այցը վիրավորական էր Հայաստանի համար և սպառնալիք է
կրում նրա անվտանգության համար: Նա ընդսմին ավելացրել է, որ խոսքը վերաբերում է ոչ
թե ռազմավարական գործընկերությանը, այլ` երկու երկրների հարաբերություններում
հավասարության և փոխադարձ հարգանքի բացակայությանը:
Միևնույն ժամանակ վերլուծաբանը կարծում է, որ 2013 թիվը
նաև կարելի է համարել ակտիվիստների տարի, քանի որ անցնող տարվա ամառը նշանավորվեց
մի շարք իրադարձություններով ինչպես հասարակական կյանքում, այնպես էլ բանակում,
որոնք դարձան այն բանի վկայություն, որ հասարակության շրջանում հուսահատական
տրամադրություններն արդեն նվազում են, և մարդիկ պատրաստ են պայքարել հանուն իրենց իրավունքների:
Մեկնաբանելով Հայաստանի և Եվրամիության միջև հետագա
համագործակցությունը` Կիրակոսյանը նշել է, որ արդեն այժմ մշակվում է
համագործակցության շուրջ նոր փաստաթուղթ, որը կներկայացվի 2014 թվականին: «Սակայն
համագործակցությունն արդեն չի լինի այն մակարդակի, ինչ նախկինում` երկու պատճառով:
Նախ, Եվրամիությունը Հայաստանին այնպես չի վերաբերվում, ինչպես նախկինում, ինչն
առնչվում է ոչ թե Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, այլ դրա մատուցման
ձևին: Երկրորդ` ԵՄ փոխվում է, փոխվում են կառույցի ռազմավարական շահերը», -
ընդգծել է նա: Ընդ որում վերլուծաբանն ավելացրել է, որ այդ փոփոխություններն
առնչվում են ինչպես ԵՄ առաջիկա ընտրական գործընթացներին, այնպես էլ «Արևելյան
գործընկերություն» ծրագրի նկատմամբ ԵՄ հետաքրքրության նվազմանը: