Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բացարձակ ֆավորիտ են Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԴՄ նախագահ, ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, Երևանի քաղաքապետի աշխատանքն արհեստավարժ մոտեցում է պահանջում քաղաքային մի շարք խնդիրների լուծման հարցում: Տվյալ պահին իրական պրոֆեսիոնալներ, ովքեր կարող են նպաստել Երևանում դրական բարեփոխումներին, կան միայն ՀՀԿ ցուցակում:
Խ. Հարությունյանը նաև նշել է, որ առաջիկա ընտրություններին մասնակցությամբ շահագրգռված ընդդիմադիր կուսակցությունները հստակ ծրագիր և պատկերացում չունեն, թե հատկապես ինչ բարեփոխումներ և ինչպես պետք է իրականացվեն: ՙԵս Երևանի բնակիչ եմ, և ինձ հետաքրքիր է, թե ինչպես են լուծվելու մայրաքաղաքային տրանսպորտին, վերելակների վերականգնմանը, համատիրությունների կազմակերպմանն առնչվող հարցերը: Նա նաև ընդգծել է, որ գործող քաղաքապետին իր պաշտոնավարման ընթացքում հաջողվել է մի շարք կարևոր խնդիրներ լուծել, այդ թվում`մայրաքաղաքի կանաչապատումը, մայրաքաղաքային բակերի վիճակի բարելավումը և քաղաքի ավտոճանապարհների բեռնաթափումը: