Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիվերսիան Բաքվի հակահայկական քաղաքականության հետևանքն է, այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին Բաքվի նման վարքագիծը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ՙԴա ադրբեջանական իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքն է, և համանախագահող երկրները պետք է հասկանան, որ նման գործողություններով Բաքուն վտանգի տակ է դնում հակամարտության խաղաղ կարգավորումը՚,- հայտարարել է փոխխոսնակը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն կոշտ պատասխանի կարժանանա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: