Իմ
որդի Արա Բուդաղյանի նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվել: Այդ մասին ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդել է Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Արա Բուդաղյանի
հայրը` Էմիլ Բուդաղյանը:
Հունիսի 8-ին նշանակված Գորիսի քաղաքապետի
ընտրություններին պետք է մասնակցեր 4 թեկնածու` Տիգրան Կարապետյանը, Հրայր
Յոլյանը, Արա Բուդաղյանը և Վաչագան Ադունցը: Արա Բուդաղյանի անսպասելի ինքնաբացարկից
և ՀՀԿ-ից դուրս գալուց հետո անսպասելի ինքնաբացարկ հայտարարեց նաև Տիգրան
Կարապետյանը: Այդպիսով, Սյունիքի նախկին մարզպետի աջակցությունը վայելող ՀՀԿ
թեկնածու Վաչագան Ադունցը քաղաքապետի աթոռի համար «պայքարելու է» միայն
անկուսակցական Հրայր Յոլյանի դեմ:
«Իմ որդին ողջ այդ պատմությունում հանդես եկել սոսկ որպես սատար իր ընկեր Տիգրան
Կարապետյանի համար: Նա ի սկզբանե Գորիսի քաղաքապետի աթոռն զբաղեցնելու
հավակնություն չի ունեցել: Եվ նա հենց ամենասկզբում մտադիր էր հանել իր
թեկնածությունը` հօգուտ Տիգրան Կարապետյանի», - հաղորդել է ավագ Բուդաղյանը:
Նրա ասելով, Տիգրան Կարապետյանի նկատմամբ սկսեցին ճնշում
գործադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիցկա) նախաձեռնությամբ
Գորիսում անցկացված սոցհարցումից հետո:
Հենց պարզ դարձավ, որ գորիսցիների 70
տոկոսից ավելին պատրաստ են իրենց ձայները տալ Տիգրան Կարապետյանին, Լիցկան սլացավ Երևան, որտեղից
նրա հովանավորները սկսեցին համապատասխան քայլեր ձեռնարկել Կարապետյանին` որպես
քաղաքապետի պաշտոնի թեկնածու չեզոքացնելու համար:
Ավելացնենք,
որ ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Գորիսում լարված իրավիճակը
պայմանավորված է ոչ այնքան ապագա քաղաքապետի անձով, որքան Հակոբյանների` Սյունիքի
գործող մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքի և
նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շրջապատի միջև հակակշիռը պահպանելու
անհրաժեշտությամբ: Դրանով իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը փորձում է
խոչընդոտել Սյունիքում իշխանության մենաշնորհմանը Հակոբյանների կողմից: