Հայաստանում սկսվում են միջոցառումները`նվիրված ՙՄենք հավատարիմ ենք մեր հիշողությանը՚ հայ-ռուսական երիտասարդական էստաֆետային և ՙԳեորգիևյան ժապավեն- 2013՚ հայրենասիրական ակցիայի սկզբին:
Ըստ ավանդույթի` տասնյակ հազարավոր ՙՀաղթանակի խորհրդանիշների՚ բաժանումով սկիզբ կդրվեն Հայաստանում Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 68-ամյակին նվիրված Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին: Ակցիայի մասնակիցներն են` երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջնորդները, քաղաքական կուսակցությունների թևերի ղեկավարները, երկրի բուհերի ուսանողական կազմակերպությունները, հասարակական գործիչները, պատերազմների և զինված ուժերի վետերանները, ռուս հայրենակիցները: Նախատեսվում է` պատերազմների վատերանների հետ հանդիպումների, երիտասարդական երթերի, համերգների, ուսանողների և դպրոցականների համար բաց դասերի, ցուցահանդեսների, վիկտորինաների և մրցույթների, Մեծ Հայրենականի մարտերում ընկած Խորհրդային Միության երիտասարդ հերոսների հիշատակին նվիրված 15 հուշարձան-աղբյուրների մոտ հավաքի անցկացում:
Հայ ժողովուրդն անգնահատելի ներդրում է ունեցել հիտլերյան Գերմանիայի ջախջախման և Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հետ ԽՍՀՄ հարավային սահմանների անձեռնմխելիության ապահովման մեջ: Հաղթողների ժառանգները հնարավորություն կստանան մասնակցել ՙՃակատային լուսանկար ընտանեկան ալբոմից՚ լուսանկարչական ցուցահանդեսին, պատմել իրենց պապերի մասին և նվիրել լուսանկարները Մեծ հայրենականի հանրապետական թանգարանին, ինչպես նաև կմասնակցեն մասնագիտացված և սիրողական կոլեկտիվների տոնական համերգներին: Հիշեցնենք, որ 1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ, որոնցից մոտ175 հազարը զոհվեց մարտերում: Պատերազմի տարիներին 106 հայեր դարձան Խորհրդային միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը այդ կոչմանն արժանացան երկու անգամ: Բացի այդ` 27 հայեր դարձան Փառքի շքանշանակիրներ:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի խոշորագույն զորահրամանատարների շարքում են` Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի ադմիրալ Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան):Հայ ժողովուրդը պատրաստեց և ճակատ ուղարկեց վեց մոտոհրաձգային դիվիզիաներ, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասավ մինչև Բեռլին: Սփյուռքի մոտ 100 հազար ներկայացուցիչներ պատերազմում էին դաշնակիցների զորքերի կազմում: