ՙԲարև Երևան՚ դաշինքի համամասնական ցուցակում չորրորդ համար Ստեփան Սաֆարյանն Ավագանու խորհրդի ընտրություններում ակնկալում էր ստանալ ընտրողների ձայների 20-30%-ը: Այդ մասին մայիսի 6-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նա`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա նաև նշել է, որ Երևանում չէր կարող ընտրողների այնպիսի բարձր մասնակցություն լինել, ինչպես նախօրեին կայացած մայրաքաղաքային ընտրություններում ընտրողների 53,53% մասնակցությունը: ՙՎստահ եմ, որ ցուցակերն ուռճացված են եղել, որտեղից էլ ձայնագողություն է կատարվել հօգուտ կառավարող կուսակցության՚,- ընդգծել է Սաֆարյանը: Նա նաև նշել է, որ դաշինքին հաջողվել է պահպանել իր ձայները հաշվարկի ընթացքում, սակայն չի հաջողվել պայքարել կրիմինալի և կաշառքի դեմ ընտրատեղամասից դուրս: ՙԱփսոս, որ ընտրատեղամասերում ՙԲարգավաճ Հայաստանն՚ ընդիմադիր խաղեր էր խաղում և պաշտպանում քվեները, իսկ դրա սահմաններից դուրս`Հանրապետական կուսակցության խաղը խաղում՚,- հայտարարել է նա: Ըստ որում, քաղաքագետն ընդգծել է, որ ՙԲարև Երևանը՚ մայրաքաղաքային խորհրդարանի շրջանակներում ԲՀԿ հետ կհամագործակցի միայն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարի իր ընդդիմադիր կողմնորոշման մասին:
Սաֆարյանը հաղորդել է, որ դաշինքը չի պատրաստվում համակերպվել արդյունքների հետ և անպայման մի քանի հարյուր ընտրատեղամասում ձայների վերահաշվարկ կպահանջի: Դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարության առնչությամբ, թե անհրաժեշտ է վայր դնել մանդատներն Ավագանու խորհրդում`այդպիսով բողոք հայտնելով անարդար ընտրությունների առնչությամբ, Սաֆարյանն ընդգծել է, որ այսօրվանից քննարկումեր կսկսվեն այդ հարցի շուրջ. ՙՄենք հարգում ենք Սիմոնյանի կարծիքը, սակայն չեմ կարծում, թե մենք հրաժարվենք մանդատներից՚,- ասել է նա: