Եվրախորհրդարանի
նախագահ Մարտին Շուլցը խորը հիասթափություն է հայտնել Վիլնյուսի գագաթնաժողովում ասոցացման համաձայնագրի ստորագրումից Ուկրաինայի և
Հայաստանի հրաժարվելու առնչությամբ: Այդ
մասին հաղորդում է Fakty.ua-ն:
«Դա հատուկ ափսոսանք է հարուցում, քանի որ իրենց
ընտրությունը վերանայելու երկրների որոշումը կայացվել է արտաքին ճնշման ներքո», -
նշվում է «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովին նախորդած Շուլցի
հայտարարությունում:
Շուլցը նաև նշել է, որ անընդունելի է համարում Ռուսաստանի
քաղաքական և տնտեսական ճնշումը Եվրամիության արևելյան գործընկերների նկատմամբ: Ընդ
որում Շուլցն ընդգծել է, որ ԵՄ դուռը բաց է թողնում Ուկրաինայի հետ ասոցացման
համար: Ավելի վաղ Շուլցը հայտարարել էր, թե Կիևը Բրյուսելի հետ իր խաղը կվարի
մինչև վերջին րոպեն:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած
պատվիրակությունը մեկնել է Վիլնյուս` մասնակիցելու «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Սպասվում է, որ գագաթնաժողովի
շրջանակում կստորագրվի համատեղ հայտարարություն Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական
համագործակցության շարունակման շուրջ: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտարարել են ինչպես
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայնել Մորելը, այնպես էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ
Շարմազանովը:
Ավելի վաղ Հայաստանը ԵՄ ասոցացված անդամության շուրջ
բանակցություններ էր վարում, սակայն Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո միավորված Եվրոպան դադարեցրեց Հայաստանի
հետ ասոցացման շուրջ բանակցությունները: