Եթե չար լեզուները Պլաչիդո Դոմինգոյին չհրավիրեն Հայաստան, ապա Տարոն Մարգարյանը մինչև ժամկետի ավարտը կմնա Երևանի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք նա Տարոն Մարգարյանի փոփոխությունը վերընտրվելու դեպքում, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարում ՀՀԿ-ն փոխեց 3 քաղաքապետի:
Նրա խոսքերով, Երևանի բնակիչները լավ են վերաբերվում գործող քաղաքապետին, հատկապես դրա համար է, որ Մարգարյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այն հարցին, թե Մարգարյանի իմիջի վրա չի ազդի արդյոք ՀՀԿ նկատմամբ հասարակական ատելությունը, Սահակյանը պատասխանել է, որ բնական է, կան երևանցիներ, որոնք չեն համակրում ՀՀԿ-ին, բայց կա նաև կայուն զանգված, որն իր հույսերը կապում է ՀՀԿ-ի հետ: ՙՏարոն Մարգարյանը հանդիսանում է այն թիմի մասնիկը, որի հետ նա կապված է իր արմատներով, և կարծում եմ, որ այդ կապը չի կարող նրան խանգարել՚,-եզրափակել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ արվեց, քանի որ ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմի պրոտոկոլային ծառայության աշխատակից Արամ Կանդայանին, քանի որ վերջինս աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի համերգին Բեգլարյանի կնոջն ու նրա ընկերուհուն խնդրել էր, պրոտոկոլը պահպանելու համար, փոխել իրենց տեղերը, որովհետև այդ տեղերում պետք է նստեն Կաթողիկոսը կամ խորհրդարանի խոսնակը: