Ադրբեջանական դրոշը Ստեփանակերտում կարող է ծածանվել միայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում: Այդ մասին հունիսի 26-ին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մենկաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՙամենամոտ ժամանակներս ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում՚:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ՙժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մի մասն է՚, Քոչարյանը նկատել է. ՙԱլիևի կողմից պատմական և աշխարհագրական իրողությունների անհամարժեք ընկալումը նորություն չէ: Ես բազմիցս ասել եմ և այժմ էլ կրկնեմ, որ Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու համար Բաքուն պետք է ճանաչի ԼՂՀ, հաստատի դիվանագիտական հարաբերություններ, փոխհամաձայնության գա Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանության հետ և դրանով իսկ կատարի իր բաղձալի երազանքը՚, - նշել է Քոչարյանը: Նա նաև նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության մասին կարելի է դատել Ալիևի նման ապակառուցողական հայտարարություններից ելնելով:
Հունիիս 26-ին նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակի պատվին զինվորական շքերթի ժամանակ հայտարարել էր, թե իրավունքի միջազգային նորմերը, քաղաքական գործոնները, Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունն իրենց դերը կխաղան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: ՙԱդրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում, մյուս օկուպացված տարածքներում, Ստեփանակերտում, Շուշիում կծածանվի ադրբեջանական դրոշը՚, - հավաստացրել էր Ալիևը: