Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքն իր հերթին հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում Օլանդը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայիս ստատուս-քվոն հուսալի չէ: Նա երկու երկրների ղեկավարներին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել, մի կողմ թողնել հակասությունները և հայկական ու ադրբեջանական հասարակություններին նախապատրաստել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրմանը: