Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց Հասան Ռոհանիի նախագահության օրոք կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ՌԳԱ ԱԻ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին նախընտրական քարոզարշավի ընթացքում իրանական ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը սպառնալիք է Իրանի անվտանգության համար:
Այդ առնչությամբ Արեշևը նկատել է, որ Ռոհանիի հայտարարությունը պատահական չէ, Իրանում կան զգալի թվով լուրջ քաղաքական և պետական գործիչներ, որոնց հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ աչքի է ընկնում գնահատականների սրությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, նրա ասելով, Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները հիմնովին վատթարացել են ոչ երեկ և ոչ էլ այսօր, հետևաբար, նրանց համար այնքան էլ դյուրին չէ դրանք վերադարձնել ինչ-որ ընդունելի մակարդակի` փոխվստահության առումով:
ՙԱյդ ֆոնին, կարծում եմ, որ Ռոհանիի իշխանության գալը դրական կանդրադառնա Երևանի և Թեհրանի միջև երկխոսության վրա, եթե, իհարկե, Հայաստանում նույնպես դրա նկատմամբ զգալի հետաքրքրություն դրսևորեն՚, - ասել է փորձագետը: