Սարսանգի ջրամբարի շահագործման հարցն աստիճանաբար Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի փոխհարաբերությունների օրակարգ է մտնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը`մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հարցի առաջիկա քննարկումը: Նրա խոսքով, կառուցողական երկխոսության գնալու Բաքվի պատրաստակամության և ցանկության դեպքում Սարսանգի հարցը կարող էր մեկնակետ հանդիսանալ Բաքվի և Ստեփանակերտի հարաբերությունների համար:
ՙՑավոք, ադրբեջանական կողմն այսօր քաղաքականացնում է այդ հարցը, փորձում ոչ թե կառուցողական փոխգործակցություն, երկխոսություն և համագործակցություն հաստատել, այլ`օգտագործել այն քարոզչական նպատակներով: Հասկանալի է, որ դա չի կարող որևէ դրական արդյունքի հանգեցնել՚,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սարսանգի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ հունիսի 23-27-ը կայանալիք նիատում: Քննարկման առիթ է հանդիսացել ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, թե ԼՂՀ իշխանություններն իբր փակում են ջրամբարը`առանց ջուր թողնելով ադրբեջանական տարածքները: Զոհրաբյանը նշել է, որ նստաշրջանի ժամանակ հանդես կգա այդ հարցի լուծմանն ուղղված պատասխան առաջարկներով: