Ժնևում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև
ստորագրված համաձայնագիրը կարող է հանգեցնել ուժերի բավականին հետաքրքիր
դասավորության տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանն
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
«Առաջին հերթին հարկավոր է նշել, որ համաձայնագիրը
դրական կանդրադառնա Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների վրա: Դա
պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանը Հայաստանի կարևորագույն քաղաքական և
տնտեսական գործընկերներից մեկն է: Եվ ԻԻՀ նկատմամբ միջազգային պատժամիջոցների
մեղմացումը կհանգեցնի Թեհրանի և Երևանի միջև երկկողմ տնտեսական փոխգործակցության
աշխուժացման», - ասել է Ոսկանյանը:
Ինչ վերաբերում է գործընթացի քաղաքական բաղադրիչին, ապա,
փորձագետի կարծիքով, Իրանը վերջին տասնամյակում առաջին անգամ հաջող քայլեր է
ձեռնարկում միջազգային մեկուսացումից դուրս գալու նպատակով: «Իր ճկուն
դիվանագիտության շնորհիվ Թեհրանն աստիճանաբար դուրս է գալիս մեկուսացումից:
Ավելին, Ժնևի համաձայնագիրը գործից հեռու է թողել տարածաշրջանում Իրանի հիմնական
մրցակից Իսրայելին», - նշել է իրանագետը:
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն
քննադատել է Իրանի հետ համաձայնագիրը, հայտարարելով, թե դա «ինքնախաբեություն» է,
և փաստաթուղթը Թեհրանին չի խանգարի միջուկային զենք ստեղծել: Իսրայելի առաջնորդի
կարծիքով, պատժամիջոցների ցանկացած մեղմում Իրանին կդարձնի պակաս զիջող
ապագայում:
Իրանագետի կարծիքով, հրեական պետությունը և Սաուդյան
Արաբիան միակ խաղացողներն են տարածաշրջանում, որոնք սվիններով ընդունեցին
համաձայնագիրը: Նա չի բացառել, որ առաջիկայում Իսրայելն ավելի կմերձենա Ադրբեջանի`
Հարավային Կովկասի միակ պետության հետ, որի հարաբերւոթյուններն Իրանի հետ լարված
են:
«Բնականաբար, Թուրքիայի համար նույնպես համաձայնագիրը
շահավետ չէ, քանի որ Թուրքիայի դերը` որպես Իրանի հետ Արևմուտքի
հարաբերություններում միջնորդ, արդեն զգալիորեն համահարթվում է», - կարծում է
Ոսկանյանը:
Փորձագետը պարադոքս է համարել այն, որ Իրանը,
գործնականում, չի դադարեցնում իր միջուկային ծրագիրը: Թեհրանը հասել է խաղաղ ատոմ
զարգացնելու իրավունքի իրավաբանական ամրագրման:
Հիշեցնենք,
որ նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի»` Ռուսաստանի,
ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված
համաձայնության շրջանակում ապասառեցվում են Իրանի 8 մլրդ դոլարի ակտիվներն
արտասահմանյան բանկերում: Թեհրանն իր հերթին համաձայնել է 5 տոկոսից բարձր ուրան
չհարստացնել: Իրանը նաև կհրաժարվի ուրանի հարստացման նոր օբյեկտների կառուցումից և
կդադարեցնի այն գործընթացները, որոնք անհրաժեշտ են պլուտոնիումի անջատման համար,
որն ուրանի հետ միասին կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելիս: