Եվրամիության տարածաշրջանի գործարարները և ներդրողները նախօրեին այցելել են Հայաստանի քիմիական արդյունաբերական լոկոմոտիվ հանդիսացող «Նաիրիտ» գործարան, տեղում ծանոթացել «Նաիրիտի» ներկայիս ողբալի վիճակին և որոշել են միակողմանի նախապատրաստել առողջացման և վերագործարկման ծրագիր: Այդ մասին ասվում է
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարությունից ԱրմԻնֆո
գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում:
Նման միակողմանի պատրաստակամություն է առաջացել այն բանից հետո, երբ Հայաստանի պետական պատասխանատուները պարզ ասել են, որ իրենք «լվացել են» ձեռքերը «Նաիրիտի» պահով և ցույց են տվել Մոսկվայի ճանապարհը: «Պետպաշտոնյաների նմանատիպ պահվածքը խիստ զարմանալի էր օտարերկրյա ներդրողների համար, քանի որ փորձում էին կապ տեսնել հազարավոր աշխատատեղերի ստեղծման իրենց առաջարկության և ՀՀ կառավարության անտարբեր տրամադրության տրամաբանության միջև», - նշվում է
հաղորդագրությունում: Այս տխուր փաստի առիթով ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը նշել է, որ ՀՀ կառավարության պահվածքի մեջ չի տեսնում սեփական երկրի և քաղաքացու ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացում, այլ ընդհակառակը` տեսնում է վախ «վերևների» կողմից, որ կարող է սփյուռքից գալ մեկ հայորդի, բերել անհրաժեշտ տասնյակ միլիոններ, վերականգնել համաշխարհային նշանակություն ունեցած, բայց ներկայումս թալանված գործարան` ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր, և, որ բնական է, վայելել ժողովրդականություն»:
Ավելի վաղ Հայաստանի պաշտոնյաները հույսները կապում էին
ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ, որը մտադիր էր ներդրումներ կատարել
«Նաիրիտում», սակայն տևական բանակցություններից հետո ռուսական կողմի
հետաքրքրությունն սպառվել է: Բացի այդ` վերջերս «Ռոսնեֆտը» և իտալական Pirelli-ն
փոխըմբռնման հուշագիր են ստորագրել հեռավորարևելյան Նախոդկայում սինթետիկ
կաուչուկի արտադրության և մատակարարման շուրջ: Բացի այդ, վերջերս Հայաստանում
հայտնվել է Pirelli-ի դիստրիբյուտոր, որն զբաղվում է իտալական արտադրության
ավտոդողերի իրացմամբ:
2006 թվականին
«Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville
Property Limited կոնսորցիումին` 40 մլն դոլարով: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը
պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2010 թվականի ապրիլից արտադրությունը
գործարանում դադարեցվել է: Գործարանի բաժնետոմսերը գրավ են դրվել, և դրա շուրջ
ընթանում է դատաքննություն: