Օգոստոսի
11-ի դրությամբ Ուկրաինական
ավիաընկերությունների նկատմամբ ՌԴ պատժամիջոցներն առայժմ չեն անդրադարձել
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Հայաստանի ուղղությամբ չվերթների
ավիատոմսերի արժեքի վրա: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է
Հայաստանում ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը:
Նրա
ասելով, ուկրաինական ավիաընկերությունը ռուսական պատժամիջոցներից երեք շաբաթ առաջ
փոխել էր դեպի Հայաստանի երթուղու ուղղությունը: «Ենթրակվելով «Եվրավերահսկողության»
պահանջներին, որն արգելում է թռիչքներն Արևելյան Ուկրաինայի վրայով, որտեղ խփել
էին մալազիական «Բոինգ-777»-ը, ընկերությունը փոխել է դեպի Հայաստան երթուղին:
Այժմ չվերթներն իրականացվում են Բուլղարիայով և Թորքիայով, ինչը 30-35 րոպեով
երկարացնում է չվերթների իրականացման ժամանակը», - ասել է «Ուկրաինայի միջազգային
ավիաուղիների» գլխավոր ներկայացուցիչը, հավելելով, որ ավիաչվերթներն իրականացվում
են ամեն օր:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության
մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն իր հերթին ԱրմԻնֆո-ին հաղորդել է, որ այժմ
դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում ուկրաինական երկու ավիաընկերություններ`
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները», և «Դնեպր-ավիան», և առայժմ դրանց
իրականացմանն առնչվող որևէ խնդիր չի դիտվում:
Հիշեցնենք,
որ օգոստոսի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ռուսաստանն
արգելում է ուկրաինական ավիաընկերությունները տարանցիկ չվերթներն իր օդային
տարածքով դեպի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա: