ՀՀ կառավարությունը պատրաստ է ՙԴեմ եմ՚ քաղաքացիական նախաձեռնության հետ քննարկել կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի հետագա ճակատագրի հարցը, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախարարն, իհարկե, վերապահություն է արել, որ կառավարությունը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել հասարակայնության ներկայացուցիչների հետ`առանց վերջիններիս կողմից որևէ նախապայմանի: Գաբրիելյանը չի բացառել քաղաքացիական նախաձեռնության հետ հանդիպման հնարավորությունը Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի ընթացքում կքննարկվեն բոլոր բաղադրիչները, այդ թվում`կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: ՙՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին՚ օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):