ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված և համապատասխան ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաև շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես և անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձևակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում
սկսվել է ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու
գործընթացը: Իրավիճակն այդքան անհեթեթ բնույթ է ստացել, քանի որ 90-ական և
2000-ական թվականներին երկրի ներսում ավտոմեքենաների առքուվաճառքը բավականին
տարածված բիզնեսի ոլորտ էր, ընդ որում ավելի վաղ գործող օրենսդրությունն
ավտոմեքենաների առքուվաճառքի ժամանակ Ճանապարհային ոստիկանությունում գործարքի
գրանցում չէր պահանջում, բավական էր սեփական ավտոմեքենան վաճառել, դրա համար
ձևակերպելով վստահագիր կամ, նույնիսկ գրության միջոցով, որում նշվում էր գործարքի
գումարը: Շարժական գույքի վաճառքի այդ հեշտացված ընթացակարգն այժմ, պաշտոնյաների
չմտածված գործողությունների շնորհիվ, դարձել է իսկական ֆինանսական գիլյոտին
տասնյակ հազարավոր քաղաքացիների համար: Ընդ որում պատժամիջոցների ենթակա են նաև
արդեն վաղուց գոյություն չունեցող ավտոմեքենաները, քանի որ հին ավտոմեքենաները
հաճախ ձեռք էին բերվում դրանց պահեստամասերի համար: Դիտորդների կարծիքով, նման
գործողություններ կարելի էր ձեռնարկել միայն գրանցման հին տվյալները «մաքրելուց»
հետո` նախապես զգուշացնելով բոլոր մեքենատերերին: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ
զրույցում, ով նույնպես տուգանք է մուծել 13 տարի առաջ վաճառված ավտոմեքենայի
համար, իրավիճակի անհեթեթությունը հաստատել են ինչպես Ավտոապահովագրողների
բյուրոյի իրավաբանական ծառայությունում, այնպես էլ Հայաստանի ճանապարհային
ոստիկանությունում, նշելով, որ կառավարության չմտածված որոշման առնչությամբ
բողոքների հսկայական թիվն, այսպես թե այնպես, պետք է ազդի իրավիճակի վրա: Իսկ
առայժմ «անտեղի» հսկայական տուգանքները շարունակում են համալրել պետական բյուջեն:
ԱՊՊԱ
ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Ապահովագրական
շուկայի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի կենտրոնական բանկը`
որպես մեգակարգավորող: «ԱրմԻնֆո» վարկանշային մարքեթինգային լրատվական
գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի»
տվյալներով, 2012 թվականի առաջին
կիսամյակի արդյունքներով Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները հավաքել են
23.8 մլրդ դրամի ապահովագին, որից ԱՊՊԱ-ին բաժին է ընկել 10.1 մլրդ դրամ: 2012
թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրողների ապահովագրավճարները հասել
են 6 մլրդ դրամի, որից ԱՊՊԱ-ի գծով վճարումներին բաժին է ընկել 4.2 մլրդ
դրամ: