Եվրամիությունում Լիտվայի նախագահությունը ձեռնտու է Հայաստանին, քանի որ այդ երկիրը շահագրգռված է Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությամբ, հուլիսի 16-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով, շատ բան է կախված ԵՄ-ում նախագահող երկրներից: ՙԼիտվան շահագրգռված է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմամբ, քանի որ այդ երկիրը փորձում է ամրապնդել հարաբերություններն արևելյան բոլոր գործընկերների հետ՚,- հայտարարել է նա:
Ի տարբերություն շատ քաղաքագետների`փորձագետը նորմալ է համարում Ասոցացման համաձայնագրի փաստաթղթերի ՙգաղտնիությունը՚: ՙՓաստաթղթերը պետք է հրապարակվեն բանակցություններից հետո, որպեսզի անհրաժեշտության դեպքում շտկումներ կատարվեն, հետևաբար`տվյալ փուլում դրանք թաքցնելն ավելի նպատակահարմար է՚,- հայտարարել է նա: Նշենք, որ Լիտվան ԵՄ նախագահությունը ստանձնել է հուլիսի 1-ին: